Լսելով Լյուդմիլա Սարգսյանի այս հարցազրույցը՝ ես հերթական անգամ հասկացա, թե ինչ հեղհեղուկ հողի վրա էր կառուցված ընդդիմադիր ուժերի դաշինքը։ Դատելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր այս տիկնոջ խոսքերից՝ այսօր Եռյակը դե ֆակտո արդեն երկյակ է, ու «դրվածքն» այնպիսին է, որ որոշումներ կայացնում են ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը (բայց դե բոլորս էլ հասկանում ենք, որ իրականում ՀԱԿ-ը մենակ իմաստուն դեմքով գլխով է անում ԲՀԿ-ի կայացրած ցանկացած որոշմանը), իսկ Ժառանգությանն ասում են՝ օրակարգն էս ա, ուզում եք՝ մասնակցեք, ուզում եք՝ մի մասնակցեք։

Ավելին, Սարգսյանը բաց տեքստով հայտարարեց, որ Ժառանգությունը՝ որպես միացյալ հոդաբաշխ կառույց, գոյություն չունի, այնտեղ 5 հոգի 5 տարբեր դիրքորոշում ունեն։ Ու թերևս ամենանվաստացուցիչ հայտարարությունը Րաֆֆու ու Ժառանգության համար, որ արեց Լյուդմիլա Սարգսյանն այս հարցազրույցում, այն է, որ Րաֆֆին պետք է որոշի՝ կա՞ ինքը ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի մշակած օրակարգում, թե՞ չկա։

Այսինքն, անգամ տեսական մակարդակով, ըստ Սարգսյանի, Րաֆֆին ու Ժառանգությունը չեն էլ մասնակցում օրակարգի մշակմանը։ Նրանց վերագրվում է պարզապես հետևել կամ էլ չհետևել այն օրակարգին, որի մշակման հետ Րաֆֆին կապ չունի։ Ուստի ստացվում է, որ նման իրավիճակում Եռյակը Երկյակ է ցանկացած պարագայում. Եթե ժառանգությունը չհամաձայնվի օրակարգին, դուրս է գալու Եռյակից, իսկ եթե համաձայնվի օրակարգին, իրավունք չունենալով մասնակցել դրա ձևավորմանը, ինքն այսպես թե այնպես դադարում է իրավահավասար կողմ լինել դաշինքում, ուստի էլի գործ ունենք Երկյակի հետ։

Ուշագրավ հայտարարություն է արել նաև Րաֆֆին, ով էն գլխից էլ հայտարարում էր, որ Եռյակի օրակարգում պետք է լինի իշխանափոխությունը, ու հիմա ի հեճուկս Լյուդմիլա Սարգսյանի, ով ասում է, որ Եռյակի նպատակն օր առաջ իշխանափոխություն անելն է, Րաֆֆին, կարելի է ասել, կշտամբել է Լևոն Տեր-Պետրոսյանին ու Գագիկ Ծառուկյանին։ Այսօրվա երթին լրագրողների համապատասխան հարցին ի պատասխան՝ Րաֆֆին բաց տեքստով հայտարարել է.

«Պետք է ունենան տղամարդկություն և շիտակությունը` ասելու, որ իշխանափոխություն են ուզում»:

Կարծում եմ, որ այսպիսի հայտարարություններով իրար հեռահար հրետակոծելը կբերի նրան, որ արդեն այս օրերը կսկսեն ակտիվորեն իրար հետ հարաբերություններ պարզել՝ կուսակցությունների մակարդակով, ինչը կհանգեցնի նրան, որ Ժառանգությունը պաշտոնապես դուրս կգա Եռյակից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել