Մի դրական բան եմ նկատում, որն առաջին հայացքից մանրուք է, բայց մեծ բան է: Կար ժամանակ, երբ սահմանային միջադեպերի հետ կապված լրատվությանը մեր ժողովուրդը չէր հավատում: Ավելի շատ հարևանի ասածին էին հավատում, քան պաշտոնական տեղեկատվությանը: Երբ օգոստոսյան հնգօրյա պատերազմը սկսվեց, շատերը հեշտությամբ խուճապային լուրերին էին հավատում, ապատեղեկատվությանը և այլն: Ցավալին այն է, որ անգամ շատ լրատվականներ նույնպես տարածում էին ադրբեջանական կեղծ լուրեր՝ լուրեր թաքցված զոհերի մասին մեր կողմից և այլն: Պետք է ընդունենք, որ հայկական լրատվական աշխարհը պատրաստ չէր սկզբում լրատվական ճակատի մարտերին, բայց կարճ ժամանակահատվածում սովորեցինք տեղեկատվական ճակատում հաղթել, մեր լրատվականները լրջացան և զգացին, որ, դիտում ապահովելով, կարող են սուտ լուրերին հավատացնել մարդկանց և վնասել, իսկ ժողովուրդը հավատաց պաշտոնական տեղեկատվությանը: Ճիշտ է, մենք փաստ սիրող ազգ ենք, և մարդիկ սկսեցին լիովին վստահել, որովհետև տեսանք, որ ոչ մի թաքցված դիակներ չկան, որ ադրբեջանցիները խաբում են, բայց գոնե սկսեցինք հավատալ և վստահել: Կոնկրետ ես այս դիտարկումը կատարել եմ՝ հետևելով մարդկանց մեկնաբանություններին: Վատ ժամանակներ կային, երբ ցանկացած նյութ, որ տրվում էր պաշտոնական շրջանակների կողմից, արժանանում էր չվստահող, թշնամաբար տրամադրված մեկնաբանությունների, իսկ հիմա մարդիկ սկսել են հավատալ և վստահել ռազմական գերատեսչությանը և բանակին: Կարծես, գոնե անվտանգության հարցում ազգ ու պետություն իրար հասկանում ենք և միասնական ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել