Եկեք իրերը կոչենք իրենց անուններով:
Ցեղասպանության 100-ամյակը նշանակալի է այնքանով, որ պարզապես թիվն է սիմվոլիկ և ոչ ավելին: 
Իսկ դրա առթիվ կազմակերպվող միջոցառումները բարոյական տեսանկյունից անկասկած ահռելի ազդեցություն կթողնեն ամբողջ աշխարհի վրա, բայց պետք է փաստել, որ քաղաքական կոնտեքստում հարվածելու ենթակա բոլոր հնարավոր թիրախները բացակայում են: Այսինքն, ըստ էության, քաղաքական համարվող Հայոց ցեղասպանության հիմնահարցը զրկվել է իր քաղաքական հենարանից և վերածվել միայն ծիսական արարողությունների ամբողջության: 
Առաջին հերթին, չնայած սփյուռքի մեծագույն ազդեցության առկայությանը, այնուամենայնիվ, այդ հիմնախնդրի քաղաքական պատասխանատուն Հայաստանի Հանրապետությունն է: 
Ինչպես գիտենք, աշխարհում վիճարկելի համարվող հիմնախնդիրները լուծվում են փոխհամաձայնության, ճնշման, բոլոր հնարավոր ազդեցության լծակների կիրառման, ինչու չէ նաև փոխզիջման և շատ այլ հայնի և անհայտ ճանապարհներով: 
Եվ այսպես, եթե դնենք այն հարցադրումը, թե ինչ ազդեցության լծակներ կարող է ունենալ Հայաստանը, պատասխանը կլինի միանշանակ. Հայաստանը միլիարդավոր դոլարների հասնող պարտքերից և վարկերից բացի ոչինչ չունի տալու կամ վերցնելու աշխարհից: 
Պետք է նաև փաստել այն հանգամանքը, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ ներկայումս ցեղասպանության հիմնախնդիրը մեծ տերությունները շահարկում են ի վնաս Հայաստանի: 
Այս ամենին զուգընթաց ներկայումս օր օրի մեծանում է Թուրքիայի տարածաշրջանային կշիռը, այն աստիճան, որ այն կարողանում է մանիպուլյացիայի ենթարկել ԱՄՆ-ին և նրա Եվրոպական դաշնակիցներին: Որքան էլ որ զավեշտական է, բայց որքան հզորանում է Թուրքիան, այնքան հայ վերլուծաբաններն էլ ավելի ուժգնությամբ են կանխատեսում նրա մասնատումը կամ կործանումը:
Ցեղասպանության և հայության հիմնախնդիրների վերաբերյալ շատ ասելիքներ կան, բայց սահմանափակվենք միայն հիշեցնելով, որ կարիք չկա այդպիսի ուժգնությամբ նախապատրաստվել թուրքական դրոշների այրման և Թալիաթի պոռնիկ մորը վերհիշելու ակցիաներին:
Միևնույն է, ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես որ կա՝ իհարկե, ավելի վատթարանալու տենդենցներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել