1988թ-ի երկրաշարժը Երևանում ապրելով` ցնցման պահին չեմ զգացել: 9-րդ դասարանում էի, այդ պահին ֆիզկուլտուրայի դասաժամ էր, և դպրոցի մարզադահլիճում բասկետբոլ էինք խաղում: Մենք թռչկոտում էինք, պատերն էլ` մեզ հետ:
Երբ հանդերձարանից դուրս եկանք, դպրոցում տարօրինակ լռություն էր: Հետո տեսանք, որ բոլորը փախել էին դպրոցից ու բակում էին:

Դեկտեմբերի 9-ին թաղի ԲՇՏ-ից կազմակերպել էին կամավորների հավաք` Գյումրիում փրկարարական աշխատանքների մեկնելու համար: Ավտոբուսներ էին կանգնած, որ կամավորներին ցուցակագրելուց հետո տանեին: Դասընկերներով նստեցինք, որ մենք էլ մեկնենք: Բայց կազմակերպիչները թույլ չտվեցին՝ ասելով, որ փոքր ենք: Բոլորին իջեցրին, բացի ինձնից ու իմ դասընկեր Էմիլից: Ինձ չիջացրեցին, քանի որ ստեցի, որ 16 տարեկանից մեծ եմ: Արտաքնապես իսկապես այդ տարիքից մեծ էի երևում: Իսկ էմիլին` ես թաքցրեցի ոտքերիս մոտ լցված տաք ծածկոցների տակ: Ու այդպես` մեկնեցինք Գյումրի: 
Առաջին անգամ էի կյանքում ոտք դնում Գյումրի: Ու առաջին տպավորությունս շատ ծանր էր` շուրջ բոլորը ավերակներ, փողոցներում իրար վրա դարսված դագաղներ, անօթևան մարդկանց կիսավրանային ձեռակերտ կացարաններ ու քաոսային շարժեր...

Հա, մի բան էլ նկատեցի. ավերակներից ոչ միայն մարդկանց էին հանում, այլ նաև` գրքերը: Բոլոր ավերված շենքերի մոտ կարելի էի տեսնել խնամքով իրար վրա դարսված գրքեր... Հայերը փրկում էին մարդկանց և գրքերը ...

Մեզ տեղակայեցին նասկի-գուլպեղենի ֆաբրիկայի մոտ: Մեր խումբն աշխատում էր այդ ֆաբրիկայի ու հարակից բնակելի շենքերի ավերակների վրա: Չեմ ուզում հիմա նկարագրեմ, թե ինչ էի զգում, երբ հայտնաբերվում էր հերթական դիակը, հերթական վիրավորը, հերթական անհույս վիրավորը, որի կեսը ճզմված էր պանելի տակ, ու ինչպես էին կամ հանում, կամ` հանելն անհնարին լինելու պատճառով, հարկադրաբար` անդամահատելով հանում...
Որքան մեծ էր ցնծությունը, երբ ողջ-առողջ հայտնաբերվում էր հերթական մարդը...

Ողջ օրը սոված էինք մնում: Հետո, ինչ-որ մեկը մածունի շշեր ու ցամաք հաց բերեց, որը կողքի փողոցում էին բաժանում: 2-3 օր նմանատիպ աղքատիկ սնունդով էինք սնվում: Բայց սով չէինք զգում, անընդհատ ուզում էինք աշխատել, հեռացնել կոտրտված պատերը և նոր տարածքներ բացել: Քնել էլ չէինք ուզում: Բայց հերթափոխով սկսեցինք քնել, որ դիմանայինք: Քնելու տեղ չկար: Նասկի-գուլպեղենի ֆաբրիկայի բակային տարածքում մի հատ ճաքած պատերով, բայց չավերված մեկ հարկանի շինություն կար: Չեմ հիշում` արհեստանոց է՞ր, թե՞ կաթսայատուն: Որոշեցինք այնտեղ քնել, քանի որ դրսում անտանելի ցուրտ էր: Դրսից մի քանի դագաղներ բերեցինք ներս, հետո փլված արտադրամասերից մեկից բերեցինք մեծ քանակությամբ կիսագործվածքներ ու թելեր, ու դրանք լցնելով դագաղի տակ ու մեր վրա` դագաղի կափարիչները կիսով չափ մեր վրա էինք քաշում ու այդպես քնում, որքան հնարավոր էր այդ պայմաններում քնել:

Հիշում եմ, որ կարծեմ հաջորդ, թե մյուս օրը Գորբաչովն եկավ Գյումրի: Բոլորն իրար լուր էին տալիս ու վազում էինք այդ կողմ, որտեղ իջել էր մեքենայից: Հիշում եմ, որ բոլորս ձեռքերն իր կողմ բռունցք արած կամ երկու մատով «վիկտորիա» նշանը պարզելով` վանկարկում էինք «Ղա-րա-բաղ»: Հետո Գորբաչովը հեռացավ, ու մենք անցանք մեր աշխատանքները շարունակելուն:

Գյումրիում եղած այդ օրերից մեկի ժամանակ մի օր քիչ մնաց ես էլ մնայի փլատակների տակ, երբ ոտքիս տակի պանելը կոտրվեց ու չգիտեմ ինչ կլիներ, եթե այդ պահին կողքիս տարիքով մարդը չհասցներ ինձ բռնել ու փախցնել փլուզումից: Հետո երբ նայեցի այնտեղ, ուր պետք է ընկնեի, ներքևում բազում ցցված արմատուրաներ կային, որ դուրս էին սահել պանելների միջից ...
Մի խոսքով, շատ չեմ ուզում մանրամասնել ամեն մի հիշողությունս:
Անքուն, սոված ու հոգնած` դեկտեմբերի 12-ին վերադարձանք Երևան:
Այդ օրը դարձա 15 տարեկան ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել