26 տարի առաջ երկրի ընդերքը ցնցվեց Հայաստանի հյուսիսային մասում և փլեց մարդակառույց քաղաքներն ու գյուղերը՝ ավերակների վերածելով բնակարաններ, շենքեր, գործարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, թատրոններ...: Զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ: Աղետը տեղի ունեցավ Հայաստանի և հայ ժողովրդի ազատատենչության, համախմբան ու հիրավի բացառիկ բարոյականության ու նվիրումի խտացման շրջանում: 1988թ. դեկտեմբերյան այդ աղետին հաջորդեց մարդասիրության և Հայաստանին աննախադեպ օգնության համաշխարհային հսկա ալիք: Հայաստանում թրթռում էր ցավին արձագանքի ամենազգայուն ֆիզիկական և հասարակական ներվը: Թվում էր, թե ցավը համամարդկային է: Թվում էր, որ մարդ կենսաբանական տեսակի՝ դարերով հղկված ամենաառաքինի որակները՝ օգնության պատրաստակամությունը, անձնազոհությունը, սերը, նվիրումը, ազնվությունը, համախմբվել և առնվազն Հայաստանում անհատականից վեր են ածվել հանրության գլխավոր շարժիչ հավաքական որակի: Դրան զուգահեռ, սակայն, ուրվագծվեց գիշատիչ եսակենտրոնության մարդկայնորեն և հասարակայնորեն ավերիչ բնազդը: Այնքան անհավատալի, անհավանական ու հատկապես ամոթալի էր թվում մարդկային, հասարակական ու ազգային ողբերգության այդ շրջանում եսակենտրոնության հնարավորությունը, որ այն չդարձավ հանրության ուշադրության թիրախը: Թվում էր՝ մեղրի տակառում կաթիլ է: Բայց այդ կաթիլը շատ արագ խժռեց մեղրը: Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների ու Հայաստան լցված ադրբեջանահայ փախստականների բնակարանների փոխարեն կառուցվեցին խաղատներ, կասկածելի համբավի «մոթելներ», զվարճանքի «օբյեկտներ», ռեստորաններ... Կաթիլից ծնվեցին հասարակությանն արժեքներ թելադրող օլիգարխներ: Թելադրվող հիմնական արժեքն անձնական շահը գերակա արժեք ճանաչելու ներշնչանքն էր: Անամոթությունը: Բարոյականությունը որպես ամոթ որակելը: Նվիրումը որպես անզորություն և անկարողություն գնահատելը: Սերը թուլություն որակելը: Նույնիսկ երկրաշարժի զոհերը մոռացվեցին: 26 տարի անց հայաստանյան հասարակությունը գլխավորում են գիշատիչ բնազդները՝ էգոիզմը, իշխանատենչությունը, «թիկնապահային գանգստերությունը», ցածրորակ փառատենչությունը, մտածողության սահմանափակությունը, չիմաստավորված ուժը և նվաստացած խեղճությունը, զանազան ստորակարգ մոլուցքները... Ընդամենը մեկ սերնդի կյանքում եսակենտրոն գիշատչության վիրուսը խժռեց մեր հասարակության առաքինությունները: Գիշատչական մակընթացությունը պայմանավորել է արժանապատվության և հոգու վեհության տեղատվությունը՝ մեր երկիրը դարձնելով վիրավորանքից բզկտված խմբերի ինքնապաշտպանական կղզյակների: Բնածին աղետը՝ երկրաշարժը, վերաճեց հասարակական աղետի՝ մարդկային անհատական և հանրային կոլեկտիվ արժեքների երկրաշարժի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել