Ասում են՝ գիտությունը երկրի վրա շատ է առաջ գնացել։ Շատ հրաշք գիտելիքներ են գիտնականները հայտնաբերել ու շատ օգտակար բաներ են արել մարդկանց կյանքը հեշտացնելու, լավացնելու և մարդկանց երջանկացնելու համար։ 
Ճիշտն ասած՝ երբեմն հավատում եմ, սակայն հաճախ էլ, չորսը-հինգը ժամը մեկ, սկսում եմ կասկածել այդ մտքերի ճշմարտացիության մեջ։
Դե եթե գիտությունն այդքան առաջ է գնացել, թող մարդուն կարողանար ազատել 4-5 ժամը մեկ ուտելու հոգսից։ Առավել մեծ կախվածություն սնունդ ընդունելուց բացի մեկ էլ ծխելն է։ Համարյա հավասարաչափ այս երկու հանգամանքը մարդուն ստրկացած կախման մեջ են պահում իրենցից։
Դե երբեմն մարդկանց հաջողվում է ծխելու ստրկությունից ազատվել, սակայն, դժբախտաբար, դեռ չգիտեմ մի հողածնի, ով կարողացել է ազատագրվել սննդի ստրկությունից։ Ամենաասկեպտիկներն անգամ ստիպված մի բան դնում են բերանները, որ սովամահ չլինեն։
Թե ինչու է բնությունն այդքան դաժան վերաբերվել մարդու հետ ու նրան այդպիսի կախման մեջ է դրել սննդից, լավ չեմ հասկանում։ Չէ՞ որ կարելի էր այլ կերպ ստեղծել մարդուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել