Վերջին շրջանում Ռուսաստանի ու Արևմուտքի փոխադարձ պատժամիջոցների կիրառման հետևանքով առաջացել են մի շարք տնտեսական խնդիրներ, որոնք չեն շրջանցում ինչպես տարածաշրջանը, այնպես էլ Հայաստանը:

Ռուսական ռուբլին, վրացական լարին ու հայկական դրամն անկում են գրանցել: Իրավիճակն այդ երկրներում հանգեցրել է գնաճի՝ առաջացնելով սոցիալ-տնտեսական ու քաղաքական լարվածություն, տեղիք տալով տարատեսակ շահարկուների:

Այսպիսի լարվածության պայմաններում կան նաև մարդիկ, ովքեր փորձում են դիմել տարբեր սպեկուլյատիվ միջոցների, էլ ավելի սրել իրավիճակն ու օգտվել դրանից: Այդպիսի երևույթների կասեցմանն է ուղղված վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, որով նա դիմել է Կենտրոնական բանկին: Վարչապետը ԿԲ-ից պահանջել է ուշադրությամբ հետևել գործընթացներին, այն պահել ուշադրության կենտրոնում ու կանխել սպեկուլյատիվ գործունեության դրսևորումները:

Վարչապետի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ֆինանսական շուկայում առկա լարվածության պայմաններում խիստ կարևոր է, որ ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցները հետևեն սահմանված նորմերին և կանոններին: Ստեղծված իրավիճակում չեմ բացառում, որ ոմանք պղտոր ջրում ձուկ որսալու փորձեր կատարեն: Ուստի դիմում եմ ՀՀ Կենտրոնական բանկին, որպես ոլորտի կարգավորող մարմին, որպեսզի այս տեսանկյունից ուշադիր հետևի տարադրամի շուկայի բոլոր մասնակիցների քայլերին՝ կանխելու համար սպեկուլացիոն դեպքերը: Իսկ նման դեպքեր հայտնաբերելու դեպքում հարկ է կիրառել օրենսդրությամբ նախատեսված պատասխատվության միջոցներ իրենց ամբողջ խստությամբ»:

Հիրավի, այսպիսի լարվածության պայմաններում կառավարությունը պարտավոր է դիմել կոշտ միջոցների՝ յուրաքանչյուր սուբյեկտիվ ու վնասակար գործունեություն բացառելու և անձնական շահադիտական նպատակներ հետապնդողներին համապատասխան պատժի ենթարկելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել