Ազգային Ժողովում ԵՏՄ-ին միանալու պայմանագրի վավերացման քվեարկությունն, ինչ խոսք, շատ հետաքրքրական էր: Այն հետաքրքրական էր հատկապես ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների կուսակցական ակտիվի դրսևորած քվեարկային վարքագծի տեսանկյունից: Այս երկու քաղաքական ուժերի շարքային կողմնակիցների համար, վստահաբար, անակնկալ էր իրենց պատգամավորական կորպուսի պահվածքը՝ ԲՀԿ-ի պարագայում ակնկալվում էր ԵՏՄ-ի պայմանագրին անվերապահ աջակցություն հայտնելն, իսկ ՀԱԿ-ը, կարծես թե, սկզբունքորեն պետք է որ դեմ քվեարկեր այդ պայմանագրի վավերացմանը: Այդուհանդերձ ԲՀԿ-ն, փաստորեն, բոյկոտեց քվեարկությունն ու չմասնակցեց դրան, իսկ ՀԱԿ խմբակցության կուսակցական հատվածն անվարան կողմ քվեարկեց Հայաստանի եվրասիականացմանը: Այսինքն՝ ՀԱԿ-ն իրեն պահեց այնպես, ինչպես պետք որ իրեն պահեր ԲՀԿ-ն, իսկ ԲՀԿ-ն էլ փոխանակ իրեն հարիր ընդգծված ռուսասիրական դիրքորոշում որդեգրելու, արեց այն նվազագույնը, ինչը կհամապատասխաներ հենց ՀԱԿ-ի պարագայում բնական համարվող արևմտամետ պահվածքին ու գաղափարաբանությանը՝ չքվեարկեց: Կարելի է ասել, որ այս քաղաքական ուժերից յուրաքանչյուրն իր այսօրինակ դիրքորոշման միջոցով փորձեց ձերբազատվել իրավամբ, թե հանիրավի շատերի կողմից իրեն վերագրվող արևմտամերժ ռուսապաշտության (ԲՀԿ-ի դեպքում) կամ արևմտահաճո ռուսատյացության (ՀԱԿ-ի դեպքում) խարանից: Այսինքն՝ նրանք շարժվում են միմյանց ընդառաջ, հընթացս ավելի նմանվելով իրար ու եթե այսպես էլ շարունակվի, ապա միանգամայն հավանական կլինի նաև ժամանակի ընթացքում նրանց միաձուլումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել