Սեպտեմբերի 21-ի հանրահավաքից հետո հատկապես ակտիվացան խոսակցություններն այն մասին, թե ով կլինի ՀԱԿ նախագահի թեկնածուն: Բոլորը սպասում էին ՏԵր-Պոտրոսյանի ելույթին, բայց նա լռեց: Այս վարվելակերպն իհարկե տարբեր էր նախորդ ընտրություններին նրա վարքից, բայց միևնույն է նա իր ոճի մեջ էր: Լռում է, թողնում, որ խոսեն բոլորը, ապա կտրուկ մտնում խաղի մեջ: Չնայած, որ այսօր Նախագահի անձի, կերպարի առումով նշաձողն այնքան է իջեցվել, որ ՀԱԿ-ում շատ ավելի արժանավոր թեկնածուներ կան, քան երկրորդ եւ երրորդ նախագահներն են, այնուամաենյանիվ կարծես թե այդ արժանավորները չեն շտապում իրենց մասին հայտարարել և լուռ սպասում են նախագահի որոշմանը: Գուցե և չառաջադրվի…

Ես էլ շատ կոնգրեսականների նման հակված եմ Առաջին նախագահի թեկնածուությանը: Հիմնավորումներս կարծում եմ պարզ են. Նա ուժեղ լիդեր է, հարգված քաղաքական գործիչ, պատմական անհատ ու մարդ, որն անխոս կարող է վերականգնել երկրի շեղված հունը: Բայց, երբ սառն եմ դատում, հասկանում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ուղակի ի վիճակի չի լինի պաշտոնավարել, եթե անգամ ընտրվի: Նա վաղուց արդեն երիտասարդ չէ ( 67 տարեկան ) և ԱԺ-ի նախընտրական փուլում Տեր-Պետրոսյանի առողջական խնդրներն ու քարոզարշավի բուն պրոցեսում այդ խնդիրների պատճառով քիչ ընդգրկվածությունը ահազանգ էին, որ նախագահականի ընթացքում խնդիրներ ենք ունենալու այս մասով: Հա, մի քանի ամիսը մեկ կես կամ մեկ ժամանոց բարձրագոչ ելույթ Տեր-Պետրոսյանը ունենալ կարող է, բայց արդյո՞ք առողջությունը կների նախագահի բարդ, լարված և մեծ ֆիզիկական ու հոգեկան աշխատանք պահանջող պաշտոնը ևս մեկ անգամ ստանձնելու համար: Իհարկե Տեր-Պետրոսյանը սա ինքն իրեն չի խոստովանի, ինչը բնական է… բոլորս էլ մարդ ենք ու մարդկային տեսանկյունից սա լավ հասկանալի է, բայց արդյո՞ք կուսակիցները չպետք է քննարկեն այս թեման: Արդյո՞ք այս պարագայում նման կրավորական կեցվածքն արդարացվում է: Արդյո՞ք արդար կլինի, եթե ժողովուրդը նրան ընտրի և պարզվի, որ աշխատել նա ի վիճակի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել