Ինչպես լրահոսից տեղեկացանք, երեկ ԱԺ-ում քննարկվում էր Հայաստանի ԵՏՄ միանալու հարցը: Ազգային Ժողովի խմբակցություններն այս հարցի շուրջ ունեին տարբեր մոտեցումներ:

Ինչպես գիտենք, Ժառանգություն խմբակցությունն ի սկզբանե բացասական վերաբերմունք էր ցուցաբերում Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու վերաբերյալ: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր հարցազրույցներում, ինչպես նաև հանրահավաքի ժամանակ բաց տեքստերով բազմիցս խոսել է այս հարցի վերաբերյալ: Եթե հիշում եք, անգամ առաջին և երկրորդ հանրահավաքների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն անկեղծ ու պարզ արտահայտվեց Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորների վերաբերյալ, որը «ջղաձգեց» ԲՀԿ-ին և Լևոն Տեր-Պետրոսյանին:

Եվ երեկ Ազգային Ժողովում ՀԱԿ խմբակցությունը, Բարգավաճ Հայաստանի ձեռքը բռնած, կողմ քվեարկեց Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը: Հետաքրքիրն այն է, որ հերիք չէ՝ ՀԱԿ խմբակցությունը կողմ է քվեարկել, այսպես ասած, Հայաստանի պետականությանը սպառնացող նախագծին, ակտիվ աջակցել էր ՀՀԿ-ի հերթական կործանարար պրոեկտին, դեռ մի հատ էլ Լյուդմիլա Սարգսյանը «կոնցերտ էր» կազմակերպել Ազգային Ժողովի դիմաց` փորձելով ցուցարարներին ապացուցել, որ ինքը դա արել է հենց այդտեղ հավաքված ցուցարարների վաղվա օրվա համար: 
Մի՞թե տիկինն անտեսում է այն փաստը, որ անդամակցում ենք մի կառույցի, որի անդամ պետություններն այս տարի գրանցել են տնտեսության բացասական ցուցանիշներ և, մեղմ ասած, գտնվում են տնտեսապես անբարեխիղճ վիճակում:

Այստեղ չենք կարող չասել, հարգելի տիկին պատգամավոր, վաղվա օրվա համար ազգանավեր գործ արած կլինեիք, երե այսօր կանգնեիք ցուցարարների կողքին, այլ ոչ «դավաճանության կոճակը» սեղմելուց հետո գայիք և հանրության առաջ արդարանայիք: ՀԱԿ-ն արդեն մի քանի անգամ է, ինչ գործում է իր կոչերին ու հայտարարություններին դեմ:

Հիշեցնեմ, որ Ժառանգություն կուսակցությունն ի սկզբանե դեմ է եղել ԵՏՄ անդամակցությանը, քանի որ քաջ գիտակցում է բոլոր պետականության ու տնտեսության սպառնալիքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել