Պուտինի և Էրդողանի նոր գազային համաձանագիրը մեծ աղմուկ է բարձրացրել Բուլղարիայում: Հիշեցնենք, որ «Հարավային հոսք» նախագծի տապալումը պաշտոնական Մոսկվան կապում է Բուլղարիայի ղեկավարության անհետևողականության հետ: Իր հերթին Բուլղարայի նախագահ Ռոսեն Պլեվնելիևը հայտարարել է, որ «Հարավային հոսք» նախագիծը պետք է դիտարկել ոչ թե Ռուսաստան-Բուլղարիա, այլ Ռուսաստան-ԵՄ ֆորմատի համատեքստում: Վերջինս նշել է, որ ռուսները չեն պատրաստվում հետևել եվրոպական օրենսդրությանը, այդ պատճառով այս նախագիծը հայտվել է փակուղում: Հետաքրքիր է, որ ըստ Պլեվնելիևի, դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Բուլղարիան կշահի այս նախագծից, թե՞ ոչ, քանի որ դեռևս չեն համաձայնեցվել նախագծի իրականացումից հետո կողմերի շահույթները: Համաձայնեցվել են միայն ծախսերը: Միևնույն ժամանակ Բուլղարիայի էներգետիկայի նախկին նախարար Ռումեն Օվչարովը հայտարարել է, որ սույն նախագծի տապալումը զրկում է իր երկրին տարեկան մոտ 600 միլիոն ԱՄՆ դոլար մաքուր եկամուտից: Հետաքրքիր է նրա հայտարարության հենց այս հատվածը. «Ավելի քան 63 միլիարդ խորանարդ մետր գազ, որը պետք է անցներ մեր երկրով, այժմ կանցնի Թուրքիայի տարածքով: Բուլղարիան դուրս է մնում նախագծից որպես էներգակիրների տարանցիկ երկիր: Բոյկո Բորիսովի կառավարությունը պատմության մեջ կհիշվի որպես երեք հսկայական նախագծերի (Բուրգաս-Ալեքսանդրապոլիս նավթամուղ, «Հարավային հոսք» գազամուղ և Բելենեի ատոմային էլետրակայան) գերեզմանափոր: Այս ծրագրերի շնորհիվ Բուլղարիան ոչ միայն դուրս կգար տնտեսական ճգնաժամից, այլև կարող էր դառնալ լիովին ուրիշ երկիր»: 
Փաստորեն ռուս-թուրքական նոր համաձայնագրից ամենաշատը տնտեսապես կտուժի հենց Բուլղարիան, որը ստիպված եղավ միանալ հակառուսական պատժամիջոցներին: Արդյունքում շահեց Թուրքիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել