Ամեն անգամ, երբ ժողովուրդը տեսնում է երկիրը կործանող ռեժիմի դեմ «պայքարող» մի քանի հոգուն, ավելի է հուսահատվում ու կոտրվում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես երկրում մնացել են պայքարի վերջին մոհիկանները, և ավելի «համոզիչ» է դառնում իշխանությունների՝ «մեր դեմ խաղ չկա» կարգախոսը:

Միթե՞ այդքան դժվար է հասկանալ, որ դրանով հանցագործ խունտան ցույց է տալիս աշխարհին, որ Հայաստանը «ժողովրդավար» երկիր է, և սա էլ եղած-չեղած ընդդիմությունն է: Ո՞ր երկրում չկան գոնե այս քանակության բողոքավորներ, նույնիսկ Շվեյցարիայում ավելի շատ կլինեն: Միթե՞ դժվար է հասկանալ, որ այդ «բողոքի ցույցերը» ո՛չ միայն օգուտ չեն բերում, այլ մի բան էլ ջուր են լցնում իշխանությունների ջրաղացին: Միթե՞ չի կարելի որոշ ժամանակ զսպել կործանվող Հայաստանը մի քանի հոգով «փրկելու» կրքոտ ցանկությունը: Եվ վերջապես, դժվա՞ր է արդյոք հասկանալ, որ դրանով կոտրում եք ժողովրդի առանց այն էլ մեռած «դուխը», մարում ինքնաբուխ պոռթկալու վերջին հույսը: Ի՞նչ կլինի, մի վախտ թարգեք այդ «մինի պայքարիկները», թողեք ներսում հասունանա ժողովրդի ցասումը, և կտեսնեք, որ նրա մոտ կարթնանա ինքնապաշտպանության քնած բնազդը, ու այլևս հույսն իրենից բացի ո՛չ մեկի վրա չի դնի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել