Հրադադար....Օրերս տեսա մի շատ հետաքրքիր ներկայացում: Կոչվում էր «Հրադադար»: Ներկայացվում էր Ղարաբաղյան հակամարտության վերջին փուլում տեղի ունեցող մի դեպք. հայ ազատամարտիկները հրադադարի հենց նախորդ օրը  գերի են բռնել և չգիտեն՝ ինչպես վարվել նրա հետ: Հետագա իրադարձություններից պարզվում է, որ գերին ամենևին էլ հետախույզ չէ, ինչպես ազատամարտիկներն էին սկզբում ենթադրել, այլ հասարակ ուսուցիչ, իսկ նրա կինը հայուհի է: Բայց սա դեռ ամենը չէ: Կար նաև մի այլ դրամատիկ  իրավիճակ. ադրբեջանցի դիպուկահարը դիտափողում  տեսնում է իր հայ ընկերոջը, ում հետ միասին Աֆղանստանում են կռվել, և ում կյանքով է պարտական: Ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել...Բեմականացման որակի, դերասանական խաղի մասին խոսք անգամ լինել չի կարող. Հովհաննես Աբելյանի անվան  թատրոնի դերասանները գիտեն իրենց գործը: Ընդհանուր առմամբ ներկայացումն ինձ բավականին դուր եկավ: Կային իհարկե պահեր, որ պլակատային էին, սակայն ինձ թվում է՝ բեմադրողի ուղերձը հասկանալի էր, և այն զուտ մարդասիրական էր: Մի դրվագ կար ,սակայն, որ մինչև հիմա ինձ հանգիստ չի տալիս. ազատամարտիկը օդ է բարձրացնում ադրբեջանցի ուսուցչի նորածին զավակին: Ուսուցիչը ծնկի է գալիս, և սկսում աղաչել, որ հայն իր որդուն վնաս չպատճառի, և նա իջեցնում է մանկանը՝ ինչ որ կեղծ հերոսական տոնով ավելացնելով՝ մի խառնիր ինձ քո վայրի ցեղերի հետ... Դահլիճի պայթում է հիացական ծափողջույններից... Ինչու՞: Այսինքն` հանդիսատեսը համաձա՞յն է, որ այն, թե ինչպես մենք կվարվենք տվյալ իրադրությունում, կախված է մեր ազգային պատկանելությունի՞ց: Ադրբեջանցին հեշտությոմբ կնետե՞ր երեխային: Համաձայն չեմ, և դահլիճի այդ արձագանքն ինձ շատ տխրեցրեց: Չէ որ, անկախ այն բանից՝ մեզ Աստված  է ստեղծել, Ալլահը, թե էվոլյուցիան, մենք առաջին հերթին ՄԱՐԴ ենք: Սա հիանալի օրինակ է, որ ցույց է տալիս, թե այս քսանամյա պատերազմն ինչ խորը սպիներ է թողել մեր հասարակության երեսին: Մենք այլևս չենք ուզում լինել օբյեկտիվ, փորձել հասկանալ խրամատի մյուս կողմում ապրող մարդուն: Հակառակորդին մենք նայում ենք որպես հավերժական թշնամու, ում հետ կարծես երբեք սեղան չենք նստել և էլ երբեք չենք նստելու: Մենք պարզապես սովորել ենք ատել: Համոզված եմ՝ նույն իրավիճակն է նաև Ադրբեջանում և աշխարհի ցանկացած այլ կոնֆլիկտային տարածաշրջանում: Ողբալի է: Թեև,  միանգամայն հասկանալի է:Իդեպ, սեպտեմբերի 21-ը ,բացի մեր երկրի անկախության տոնը լինելուց, նաև խաղաղության միջազգային օրն է: Շնորհավոր երկու առիթով էլ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել