Hraparak.am-ը գրում է․

Բժիշկներին էլ չէր խանգարի հոգեբանությունից գոնե մինուս երեքի չափ գիտելիք ունենալ: Հանրության մեջ շատ թե քիչ ճանաչված մարդը, երբ հիվանդանոց է ընկնում, պետք է հասկանալ, որ ամեն հիվանդություն չի, որ կարելի է ուղեղն անջատել ու ասել: Դա կարող է ծաղրուծանակի արժանացնել հիվանդանոց ընկած մարդուն: Ինչքան հանրության կողմից ճանաչված է, այնքան աղմուկն ավելի մեծ: Երեկ սոցիալական ցանցերը հենց նման մի թեմա էին քննարկում: Հիմա լսենք Նաիրի բժշկական կենտրոնի բժիշկ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունուն ու հասկանանք, թե ինչու ամեն մեկը մի մահակ առած ֆեսբուքում բուրդ էր չփղում. «Չեմ կարող դեռ ասել ախտորոշումը, դա կլինի մեկ-երկու ժամից: Շամշյանը մեզ մոտ է տեղափոխվել փորլուծության ախտանիշով, օրգանիզմը ջրազրկվել էր»: Բժիշկ ջան պարտադիր պայմա՞ն էր, որ հանրությունն իմանար, որ Շամշյանը փորլուծությամբ է տառապում ու սոցիալական ցանցերում ծայր առներ ծաղրուծանակը: Սոցիալական ցանցը մեծ օրգանիզմ է, ծաղկեփունջ, տարբեր, տարբե՜ր… Դեմը առնել կլինի՞… Այդքանից հետո, երբ կայքերից մեկն էլ գրեց, որ Առաջին տիկինն այցելել է Շամշյանին, ամենալուրջ մարդն անգամ քթի տակ ծիծաղում է… Ինչևէ, հիվանդներին՝ առողջություն, բժիշկներին՝ նրբանկատություն, իսկ սոցիալական ցանցերին էլ բան ասել չեմ կարող: Քանի՞ գլուխ ունեմ, որ բազմահազարանոց փեթակի խայթին դիմանամ…

ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել