Ճապոնացի գիտնականները քնի խանգարում ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս երեկոյան սննդակարգի մեջ բրինձ ներառել: Նրանք պարզել են, որ այն, մեծ քանակությամբ կիրառման դեպքում, կարող է խորը քուն պարգևել՝ ի տարբերություն մակարոնեղենի, ինչն անքնության խթան է հանդիսանում: Երևույթի հիմքում, մասնագետների մեկնաբանմամբ, սննդամթերքի գլիկեմիկ ինդեքսն է:

Սննդամթերքի՝ բարձր գլիկեմիկ ցուցանիշ ունեցող տեսակները, օրինակ՝ բրինձը, առավել արագ են արյունը շաքարով հագեցնում: Բացի այդ էլ, հիշյալ ազդեցությունը կարող է ավելի երկար տևել: Մյուս կողմից, ցածր գլիկեմիկ ինդեքսով բնորոշվող սննդատեսակները արյան մեջ շաքարի մակարդակի կարճաժամկետ և աննշան աճ են խթանում:

Սննդամթերքի՝ բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող տեսակների՝ քնի որակի վրա ազդեցությունը քնկոտություն առաջացնող ամինաթթվի՝ տրիպտոֆանի էֆեկտով է բացատրվում: Ածխաջրատներով հարուստ՝ բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող սննդատեսակները դեպի ուղեղ առաքվող տրիպտոֆանի բաղադրության աճ են խթանում: Վերջինս, տեղ հասնելուն պես, սերոտոնինի է վերածվում, այնուհետև էլ՝ մելատոնինի, ինչը քնելու ցանկություն կարող է հրահրել

Հետազոտության ընթացքում 1848 ճապոնացի բանվորների (1164 տղամարդ և 684 կին) ամենամյա բժշկական հետազոտության արդյունքներն են վերլուծվել: Մասնակիցների քնի որակի գնահատման համար հետազոտական խմբի անդամները «քնի որակի ինդեքս» են կիրառել, ինչը հետևյալ փոփոխականների համադրությամբ է որոշվում՝ լույսն անջատելուց հետո քնելու համար պահանջվող ժամանակը, քնի տևողությունը, արդյունավետությունը, խանգարումները, դեղամիջոցների կիրառությունը և ինքնազգացողությունը՝ հաջորդող օրվա ընթացքում: Սննդակարգի մեջ առավել մեծ ծավալներով բրինձ ներառող մասնակիցների մոտ քնի սանդղակի առավել բարձր մակարդակ է գրանցվել: Ասել է թե՝ այդ մարդիկ, մյուս մասնակիցների համեմատ, ավելի լավ են քնել:

Իսկ ահա մակարոնեղենին նախապատվություն տվողների մոտ քնի հաճախակի խանգարումներ են արձանագրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել