Այսօր Բրիտանիայում Սև ուրբաթն է։ Գոհաբանության տոնին հաջորդող ուրբաթ օրն այս երկրներում այսպես է կոչվում։ Սև ուրբաթով ազդարարվում է ամանորյա գնումների սկիզբը, և խանութները, սուպերմարկետներն ու այլ վաճառակետերը մեծ զեղչեր են անում գնորդների համար։ Թերևս հենց այդ պատճառով էլ այդ օրը միշտ արտառոց դեպքեր ու հրշմշտոցներ են գրանցվում գնորդների ու վաճառողների շրջանում։ Այնուամենայնիվ, այս անգամ թոհուբոհն աննախադեպ էր։ Մարդկանց հոսքը խանութներ չէր դադարում, ուստի խանութներում հսկայական հերթեր էին գոյանում։ Մի շարք սուպերմարկետներում գործը ծեծկռտուքով ավարտվեց։ Բռնության տեսարաններն անպակաս էին, ու առանց ոստիկանության միջամտության հնարավոր չեղավ գործը գլուխ բերել։ Հասարակ գնումները վերածվել էին իսկական մղձավանջի։ Գնորդներից շատերը կռվում էին, թե ում պետք է բաժին հասնի զեղչի տակ դրված այս կամ այն ապրանք։ Ամեն ինչ այնքան հեռուն գնաց, որ մի կին վնասվածքներ ստացավ այն բանից հետո, երբ խանութի վերին ցուցափեղկի հեռուստացույցը նրա վրա ընկավ։ Որոշ խանութների աշխատակիցներ էլ իրենց աշխատավայրը լքեցին կապտուկներով ու արցունքոտ աչքերով։ Շատերն այս իրարանցման մեջ մեղադրում են սուպերմարկետների տնօրեններին, ովքեր քաջատեղյակ էին, թե հաճախորդների ինչպիսի հոսք է լինելու Սև ուրբաթ, սակայն զլացել էին անհրաժեշտ թվով անվտանգության աշխատակիցների ներգրավել վաճառքի անխափան իրականացման գործում։ Դիտում ես այս լուսանկարներն ու չես հասկանում՝ ֆինանսական վատ պայմաննե՞րն են այս ողջ իրարանցման պատճառը, թե՞ մատչելի գնով ապրանք ձեռք բերելու մոլուցքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել