Լավերը շուտ են մեռնում, վատերը տնքտնքում են ու չեն մեռնում:

Ծերունիները սովորաբար չեն գայթում: Նրանք քայլելու մեջ հասունի փորձ ու մանկան զգուշություն ունեն:

Ամեն մարդ էնքան է ապրում՝ ինչքան ինքն է ուզում:

Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում՝ կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի…

Աստծու այս տխուր աշխարհում բոլորն են արժանի սիրվելու:

Տառապանքը մարդու համար է, բայց մարդու տառապանքն է մարդու համար…

Կյանքը մի անգամ է տրվում, պետք է կենտրոնում լինել, կյանքը վայելել, դա է մնում: Ինչ վայելում ես, այն էլ հետդ ես տանում: Թեկուզ լավ արարքներիդ համար արձան կառուցեն, քեզ համար ոչինչ չի փոխվում…

Որդին հարսինն է, աղջիկը՝ փեսայինը. շաղ են գալիս, տանը մնում ես մենակ: Ամեն մեկն իրենը գտնում է, քոնը՝ քո մարդն է: Քառասուն տարեկան կորցրիր, թե ութանասուն՝ ամենամեծ կորուստդ է: Զավակները հայր են կորցնում, հարսները սկեսրայր են կորցնում, թոռները՝ պապ, իսկ դու Քեզ ես կորցնում, քանզի ոչնչի պետք չի լծի կենտ եզը: Քանզի դու նրա հետ եզ էիր ու գութան էիր քաշում...

Բթամիտները ծիծաղելիորեն սիրելի են, բայց երբ բութ են լինում և հավակնոտ, դա արդեն արժանի է ատելության:

Մարդ ու անասուն իրարից հիշողությունով են ջոկվում, ես հիշողություն ունեմ…

Միայն մենք ենք նկատում մեր երեխայի բլբլոցը, քայլելը, խելոքությունը, սիրունությունը. դրսի աշխարհը մեր երեխայի միայն ծնունդն է արձանագրում, որպեսզի քսան տարի հետո տանի զինծառայության, դրսի աշխարհը մերոնցից միայն այդպես պատրաստիների հետ գործ ունի։ 

Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ՝ չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի - տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն. տղամարդու պես մի անգամ կանգնեք, թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվել, թող ձեզ զոռով կոտրեն - մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն:

Մարդկային մեծագույն առաքինությունը սեփական չկամությունը կոտրելու կարողությունն է։

Ամբողջական նյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել