Ոչ իշխանական ուժերի կողմից կառավարությանը ներկայացրած 12 կետերի պահանջը շարունակում է մնալ Եռյակի հիմնական և առանցքային օրակարգային հարցը: Բացի այս հարցից, Եռյակն առաջ է քաշում նաև հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ պահանջը:

Վերջերս նախագահ Սարգսյանը Armenpress.am-ին տված հաարցազրույցում անդրադարձել էր այս հարցին և առաջարկել էր կառավարությանը նորից անդրադառնալ ոչ իշխանական ուժերի առաջարկած 12 կետանոց փաստաթղթին, մեջբերեմ. «Այս իրավիճակում ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, և այդպիսի առաջարկություն ես կառավարությանն արել եմ, որպեսզի նորից անդրադառնան այդ փաստաթղթին, կետ առ կետ քննարկեն այդ փաստաթուղթը և նշեն կոնկրետ այն գործընթացները, որոնցով իրականացնելու են այդ կետերը»:

Երեկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պնդում է՝ անգամ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո իրենք բանակցելու պաշտոնական հրավեր դեռ չեն ստացել. «Հենց որ կլինի պաշտոնական հարցադրում, այդ դեպքում նաև պաշտոնական որոշում կլինի: Ցանկացած դեպքում եռյակն ինքն է որոշելու իր շփման ձևաչափը և որակը»: Հիշենք, որ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 26-ին հայտարարել է, որ ընդունում է ոչ իշխանական եռյակի առաջարկը՝ համամասնական ընտրակարգի անցնելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցերը քննարկելու վերաբերյալ:

Ստացվում է, որ Եռյակի կողմից առաջարկած այս կամ այն հարցի քննարկման համար պահանջվում են հատուկ հրավերներ՝ գունավոր թղթերով հրավիրատոմսեր: 
Վարչապետի մակարդակով բանավոր կերպով հայտարարվում է, որ քննարկելու հնարավորություն են ընձեռում նրանց, սակայն, ինչպես երևում է, նրանք այլ մոտեցումներ են ակնկալում: Կարծում եմ, որ եթե այս կամ այն ուժն ինչ-որ հարցի լուծում է պահանջում, ապա օգտագործում է իրեն ընձեռված բոլոր հնարավոր տարբերակները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել