Երեկվանից միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է գտնվում ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ա. Խամենիի հայտարարությունն, ըստ որի՝ նա իր լավատեսությունն է արտահայտել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի և «Վեցյակի» միջև բանակցություններն ԻԻՀ միջուկային հիմնահարցի շուրջ երկարաձգվել են ևս յոթ ամսով: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը նշել է. «Եթե բանակցությունները դրական արդյունք չարձանագրեն, դրանից ավելի շատ ԱՄՆ-ն է տուժելու, այլ ոչ մենք: Իրանի լուծումը «Դիմադրողական տնտեսության» ծրագիրն է»:

Կարելի է ենթադրել, որ այաթոլլահ Ա. Խամենիի վերոնշյալ հայտարարությունը հնչել է զուտ հռետորաբանական տրամաբանությամբ՝ ցույց տալու իրանական հասարակությանն ու միջազգային հանրությանը, որ Իրանը չի ընկճվել և հաստատակամ է իր որդեգրած դիրքորոշումներում, սակայն մյուս կողմից, հաշվի առնելով այն իրողությունը, որ վերջին երկու տարվա ընթացքում «Դիմադրողական տնտեսության» ծրագիրն ԻԻՀ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պայմաններում որոշակի կենսունակություն է ցուցաբերել՝ թույլ է տալիս արձանագրել, որ գերագույն հոգևոր առաջնորդի հայտարարությունը չի հնչել միայն քարոզչական նպատակներով:

Հարկ է նկատել, որ Իրանում այլևս չեն արձանագրվում իրանական արժույթի մեծ տատանումներ կամ անկումներ դոլարի հարաբերակցությամբ, բանկերը հարմարվել են գործառույթներ իրականացնելու պարտադրված պայմաններին, տնտեսությունը հարաբերական արդյունավետությամբ ձերբազատվում է նավթից ունեցած ահռելի կախվածությունից:

Վերոնշյալին կարելի է ավելացնել նաև տարբեր ոլորտներում ձեռք բերված ռուս-իրանական վերջին ամիսների պայմանավորվածությունները (սկսած ս.թ. օգոստոս ամսվանից), որոնց համատեքստում առանձնահատուկ ուշադրության են արժանի էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնման, նավթի համաշխարհային շուկայում միմյանց փոխաջակցելու ծրագրերը:

Այդպիսով ստացվում է, որ պաշտոնական Թեհրանն առաջիկա ամիսների ընթացքում կարող է չտուժել, այլ առավել ամրապնդել սեփական դիրքերն Արևմուտքի հետ բանակցություններում, որի մասին իր ելույթում ակնարկել է ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել