Չի կարելի...

Երեկ լուրեր տարածվեցին, որ «Նախախորհրդարանի» ակտիվիստներից մի քանիսի մեքենաներն այրվել են, իսկ Գևորգ Սաֆարյանը հարված է ստացել գլխին: Ես ինքս դատապարտում եմ այդ քայլերը, պետք չէ այդպես վարվել, բայց «Նախախորհրդարանը» մի բան պետք է հասկանա, եթե նրանք ապրիլի 23-ից 24-ին ինչ-որ բան փորձեն ձեռնարկել, իմ կարծիքով, յուրաքանչյուր մտածող քաղաքացի՝ ընդդիմադիր, թե դիմադիր, ուղղակի դուրս կգա նրանց դեմ: Եկեք որոշ արժեքներ հարգենք: Առողջություն Գևորգ Սաֆարյանին: Հույս ունեմ՝ այս ամենը շուտ կբացահայտվի:

Հայաստանում Քրեակատարողական հիմնարկների վիճակը, մեղմ ասած, լավ չէ: Շատ ժամանակ այնտեղ անմարդկային իրավիճակ է տիրում, որովհետև 8 հոգանոց խցում 16 հոգի է պատիժ կրում: Այս ամենը գալիս է ոչ ճիշտ գործելակերպից: Ամենաթեթև հանցագործության համար, որը նույնիսկ ակամա է կատարվել, մարդկանց կալանքի են ենթարկում, ու ստացվում է, որ ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածություն է առաջանում: Երեկ էլ ինչ-որ մեկը զանգահարել ու ասել է՝ օդանավակայանում ռումբ կա տեղադրած: Նրան բռնել են, իսկ նա այսպես է արդարացել. «Անտեր տղա եմ, ասի մի բան անեմ, տանեք, համ ուտելիք կա ընդեղ, համ խմելիք»: Այսպիսի մարդկանց պետք է հասարակական աշխատանքի ուղարկել, ոչ թե ձերբակալել, բերդերը ծանրաբեռնել, մեր հաշվին էլ պահել:

Արդեն մառազմի է վերածվում, երբ ասում են, որ «համաժողովրդական» շարժմանը միացավ էսինչ հ/կ-ն: Մի հատ ցույց տվեք՝ ո՞ւր ա էտ համաժողովրդական շարժումը, որ մի հատ էլ հ/կ-ները բուռ-բուռ միանում են: Թարգեք իմիտացիա անել ու իմիտացիոն ֆոնին ապրել: Ինձ հետաքրքիր ա՝ երեկ միացած հ/կ-ներից որը երբ ա հիմնադրվել ու քանի անդամ ունի էլի: Ասենք, Հայաստանում 2.5 միլիոն մարդ կա, բայց դուք արդեն մի 4 միլիոնի հ/կ եք ընդունել ձեր շարքեր:

Քիմ Քարդաշյանին որ այսքան փնովում ու եսիմ ինչ ենք անում, պետք է մի քիչ էլ այլ տեսանկյունից նայել: Նրա գործունեությունն ԱՄՆ-ում չի դատապարտվում, ասեմ ավելին, նա խրախուսվում է, իսկ երեկվա նրա ցեղասպանության մասին կոչն ավելի շատ ազդեցություն կարող է ունենալ, քան որոշ միջոցառումներ: Այո, ներհայաստանյան պայմաններում նրա արարքները սխալ են, բայց որ ասում ենք՝ մեզ նա պետք չի, այդպես չի էլի, հիմա մեզ յուրաքանչյուր քայլ 100-ամյակին ընդառաջ պետք է: Ես հոլիվուդյան դերասանուհի չեմ ճանաչում, որ առաքինի լինի, ոնց որ մենք կցանկանայինք:

Թաթան էլ տղեքի հուղարկավորության օրը Թուրքիայում համերգ էր տալիս: Ավելացնելու բան չունեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել