Սեպտեմբեր 21։ Անկախության օր։ Քսանմեկ տարիներ շարունակ փորձեցինք կարոտն առնել այն օրվա, երբ 1045 թվականին այս իսկ հողի վրա (և ոչ հեռավոր Կլիկիայում) կորցրեցինք՝ մեր պետականությունը։ Մեկ հազար տարի փորձեցինք աշխարհին ապացուցել, որ հայը ոչ միայն առանց իր պետականության կարող է գոյատևել, արարել, ստեղծել և հիացնել այլոց, այլ նույնը կարող է անել, եթե նրան տրվի այդ հնարավորությունը՝ անկախ ապրելու հնարավորությունը։ Եվ Աստված այն մեզ պարգևեց, այսինքն այն մեզ տրվեց, առանց պատերազմի, առանց մաքառման, առանց արյան՝ փառք Աստծո։ Սակայն…։ Սակայն մենք ապացուցեցինք, որ այն հայը, որն ապրում էր որպես հայ պետականության երազով, մեզ հետ որևէ առնչություն չունի։ Նրա համար հավաքականն էր կարևորը, մեզ համար անհատականը, նա ջանում էր իր միասնականության մեջ տեսնել հավաքականության ուժը, մենք այսօր ջանում ենք անհատականության շեշտադրման մեջ տեսնելու պետականության իմաստը։ Անցյալի հայը ապրելով պարսիսկի, թուրքի, արաբի կամ այլոց լծի տակ, իր հոգևոր արժեքներով էր իմաստավորումի իր ազգությունը, իսկ այսօրվանը պետական սահմանի սահմանագծի մեջ ամփոփված, փորձում է ուրիշի անարժեքություններով իմաստ տալ իր պետականությանը։ Հայրենիք բառը իմաստնանում է այն բանով, որ դու այնտեղ հայրերից որդիներին փոխանցված արժեքների կրողն ես հայտարարվում, գուրգուրալու ամեն մի ազգային արժեք։ Երբ հավաքականը իմաստավորում ես բարոյականով, հոգևորով, մարդկայինով։ Ցավոք ժամանակը ցույց է տալիս մեկ բան, եթե անցյալում տեսնում էինք ինչպես է օտարը թալանում մեր երկիրը, այսօր մեզանից ոմանք են դա անում, ինչպես արևմտահայ գրողներից մեկը պիտի ասեր. ,,Վարդանի դեմքով, Թալաթի հոգով անձինք,,։ Եթե անցյալում յենիչերներն էին սրախոխող անում հային, այսօր նոր հայակերպար Էնվերներն են նույն բանն անում իրենց եղբայրներին։ Ինչու՞, որովհետև Անկախությունը մեզ համար չդարձավ սրբության գաղափար, որովհետև ազատությունը ընկալվեց որպես ամենաթողություն։ Փոխանակ ի գին ամենինչի վերաշինեինք մեր անկախ պետականությունը, արեցինք ամեն ինչ այն անորոշության կերպարի մեջ տեղավորելու։ Հասցրցեինք այնտեղ, որ հայրը իր զավակին ,,Քէլէ լաո քէլէ էրթան մըր երգիր,, ասելու փոխարեն, զզվանքով լքի իր երկիրը, ուր ինքը իրեն լլկված է զգում, ուր իրեն կողոպտված է զգում, ուր ինքը լիմուզիններից արհամարհանքով և ատելությամբ իրեն նայող հայացքների ներքո չի կարողանում Անկախության երջանկության գավաթն ըմբոշխնել, այլ դառնության պատառը կոկորդին մտաբերում է, արդյո՞ք այս ամենի համար մաքառեցինք հազար տարի մեր պապերը, այս օրը երազանքով, ոչ, և կրկին անգամ ոչ։ Քանի որ բոլորն են զգում, որ այսպես ապրելն անհնարին է։ Ակախությունը միայն կենացներով չէ որ պիտի իմաստավորվի, Անկախությունը ամեն մի հայի շրթունքի վրա Սուրբ Երրորդություն անվան նման պիտի հնչի, որպեսի այն չավարտվի վաղը՝ կողոպտված, այլ դառնա հավիտենականություն, այսօրվանից սկսած։
Տեր պահիր խաղաղ աշխարհը Հայոց 
Եվ իմաստություն պարգևիր հային, 
Որ թոռ ու ծոռը ազգիդ ընտրած, 
Չդառնա պանդուխտ, 
Այլ փարած մնա իր Դրախտավայր Սրբազան Հողին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել