Մեզանից յուրաքանչյուրը գիտի, որ հայ է, բայց ի՞նչ է հայը, ի՞նչ բնույթ, որակ ունի, ինչու՞մն է նրա հայությունը, շատերը կպապանձվեն, որովհետև չենք խորացել մեր էթնոսի առանձնահատկության մեջ, չենք բացահայտել հայի էությունը, որովհետև չենք ընկալել մեր՝ աշխարհ գալու առաքելությունը, իսկ եթե չունենք գոնե մոտավոր պատկերացում մեր մասին, ինչպե՞ս կարող ենք հային արժանի, համապատասխան երկիր կառուցել։ Իսկ միգուցե մենք արդեն ապրում ենք հենց մեզ համապատասխան երկրում, որտեղ մեծամասնությունը դժգոհ է համարյա ամեն ինչից և միևնույն ժամանակ դժգոհողն էլ ինքն է ստեղծում ուրիշներին դժգոհելու առիթ, միգուցե մեր անհամբերությունը՝ նոր որակի հայ կերտելու համար և այդ պրոցեսում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությու՞նն է պատճառը։ Որ աղն է պակասել մեր մեջ, որ չենք կարող ամենադժվարին, անդունդի եզրին կանգնած պահին անել անհնարինը՝ փրկվել և վերածնվել, ինչպես արեցին Զորավար Անդրանիկն ու Նժդեհը, Մոնթե Մելքոնյանն ու Ազգալդյանը, Բեկորը և մնացյալ հերոսները, ի՞նչ ունեին նրանք, որ մենք չունենք: Ինձ թվում է, որ անբեկանելի ՀԱՎԱՏ՝ թե՛ առ Աստված, թե՛ մեր ժողովրդի ներուժի հանդեպ, սա ենք մենք կորցրել, հավատքը և դրա համար մեր ցանկացած նախաձեռնություն դատապարտված է, որովհետև մեջը մի պտղունց հավատ ու մի պտղունց սեր է պակասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել