Անցումային շրջան։ Ժամանակին հետսոցիալիստական երկրների տնտեսություններին նման անուն տվեցին, ինչը ոչինչ չի ասում։ Իրականում այդ տնտեսությունները ԽԱՌԸ տնտեսություններ են, այսինքն մի մասը լիբերալ է, մի մասը կարգավորվող է, մի մասը չես հասկանում թե ինչ է։ Հայաստանի այսօրվա տնտեսական քաղաքականությունը ՆՈՄԻՆԱԼ դեռևս համարվում է այն, ինչ իննսունականներին Չիկագոյի նեոդասականների դպրոցի ներկայացուցիչները (ԱՄՀ և ՀԲ) փորձարկեցին հետխորհդրային շատ երկրներում։ Բայց ԻՐԱԿԱՆՈՒՄ դժվար է հասկանալ, թե ինչ տնտեսություն է Հայաստանը և հայաստանյան տնտեսական քաղաքականությունը։ Իրական վիճակը թվացյալից կտրուկ շեղվեց 2001-ից՝ տրասնֆերտները քաղաքականության մեջ չընդգրկելու պատճառով։ 
Երկար եմ չարչարվել, որ հասկանամ, թե ինչ տնտեսություն եք, ու միայն կարողացա բացատրելի դարձնել մեր տնտեսությունն ու նրա քաղաքականությունը, երբ հորիզոնս լայնացրի այսօրվա գործնական գիտելիքներից անդին։ Հայաստանում հիմնականում ԴԵ ՖԱԿՏՈ ՄԵՐԿԱՆՏԻԼԻԶՄ Է։ Իհարկե, ձևախեղված մերկանտիլիզմ է՝ համեմված քիչ մը ֆեոդալիզմով, քիչ մը սոցիալիզմով, քիչ մը կապիտալիզմով, ու սա ողբերգություն է։ 21-րդ դարում հիմնվել 16-րդ դարի գիտելիքի վրա կործանարար է։ Ասում եմ ԴԵ ՖԱԿՏՈ, քանի որ այդ քաղաքականությունը ոչ թե վերևից պլանավորված է, այլ տակի գործող անձանց իրականացրածի համախմբման արդյունքն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել