Իշխանափոխությունն անհրաժեշտ է Հայաստանին, որպեսզի երկիրն ազատվի այս ներկա կաշառակեր թալանչիների ձեռից։ Հավանականությունը, որ փոխարինողները լավ կլինեն սրանցից, իհարկե, փոքր է, սակայն զրո չէ։ Համաձայնվեք, որ իրավիճակը սրանց առկայությամբ զրո հավանակնություն ունի փոխվելու համար։ 
Ելնելով արտաքին առկա վտանգներից՝ այդ իշխանափոխությունը հարայ-հրոցներով, խփել-ջարդելով, այսինքն՝ հեղափոխությամբ կատարելն անթույլատրելի է, որովհետև թշնամին քթներիս տակը, մինչև ատամները զինված, կազմ ու պատրաստ կանգնած է, որ նման մի խառնակ վիճակ ստեղծվի մեր երկրում, և ինքը լիուբոլ օգտվի դրանից՝ ռազմական ինտերվենցիայի գնալով։
Իշխանափոխություն անելու համար լուրջ ուժեր ու միջոցներ են անհրաժեշտ, որովհետև ներկա իշխանավորները լիուբոլ զինված ու հագեցած են այդ միջոցներով, և նրանց հենց-նենց ճառ ասելով կամ միտինգ անելով՝ չես քշի իշխանական դղյակներից։ Նրանց ստիպելով պետք է քշել։ 
Ստացվում է, որ մի կողմից վտանգավոր է ուժ կիրառելը, մյուս կողմից էլ առանց ուժի կիրառման հնարավոր չէ իշխանափոխություն կատարելը։
Վիճակը, իհարկե, անելանելի է թվում առաջին հայացքից։ Սակայն ելքեր միշտ էլ կան։ Մեր դեպքում այդ ելքը ներքին կոշտ առճակատում գեներացնելն է երկու՝ քիչ թե շատ համազոր ուժերի միջև։ Այդպիսի հնարավոր առճակատող կողմեր կարող են լինել ԲՀԿ-ն՝ գումարած մնացած ընդդիմադիրները ՀՀԿ-ի դեմ։
Կհաջողվի՞ այդ առճակատումը ստեղծել և այնպես կառավարել, որ արդյունքը լինի իշխանափոխությունը, ցույց կտա ժամանակը։ Ոչ մեկն այսօր հաստատ չի կարող ապացուցել այս մեխանիզմի հնարինությունը կամ էլ անհնարինությունը։
Այսօրվա դրությամբ այլ հնարավորություն Հայաստանը չունի իշխանափոխություն կատարելու համար, եթե մի պահ բացառենք այդ գործին հայտնի երկու հզոր երկրներից մեկնումեկի զինված ակտիվ միջամտությունը։
Սա է ամբողջ թվաբանությունը։ Ով ինչ ճառ կասի, ով ինչ ֆինդ ու ֆլուշկա կմտցնի այս հարցում, ինձ համար կոպեկի արժեք չունի։ Ռեալ իրական վիճակը սա է։ Այլ գործուն ուժեր այսօր ասպարեզում չկան, և իզուր տեղը սուտ ու փուտ ճամարտակությամբ մի զբաղվեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել