Վերջերս հաճախ ենք մարդու առողջության համար սպառնալիք պարունակող բժշկական նորություններ լսում. մեկ` Էբոլա վարակն է Աֆրիկայում անվերահսկելի կոտորած սարքում, մեկ էլ` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քամերոնը հայտարարում, թե ժամանակն է` ինչ-որ բան ձեռնարկել սուպեր-վարակների դեմ, թե չէ` կարող ենք քարե դարում հայտնվել:

Հետաքրքիր է, որ մոլորակի զարգացմանը զուգընթաց առավել լուրջ սպառնալիքների ենք բախվում: Հանցագործություններն այլեւս ամեն քայլափոխի են հանդիպում, երեխաներն ինչից ասես` կարող են մահանալ, իսկ ընտանեկան արժեքներին բանի տեղ դնողների թիվը աչքի առաջ նվազում է: Եվ չնայած բժշկության բնագավառում հսկայական նվաճումներ են գրանցվել, ինչ-որ բան ներսից շարունակում է մեր երկարակեցության հիմքերը քանդել: Ծխախոտի օգտագործումը, գիրությունը, թմրամոլությունը շարունակում են լուրջ սպառնալիք ներկայացնել, որոշ դեպքերում էլ դուրս մնալ վերահսկողությունից:

Այս բոլոր խնդիրների պատասխանները գտնելու անզորությունս գիտակցելով՝ հայացքս ակամա Աստվածաշնչին եմ հառում: Անձամբ ես ոչ միայն հավատքի համար եմ այն օգտագործում, այլ նաև մտավոր առողջության: Այն հանգստացնում է ինձ, հարմարավետ միջավայր ստեղծում և բոլոր տեսակի բացասական մտքերից հետ պահում: Սակայն զարմանալին այն է, որ մինչ այժմ ոչ ոք չի ցանկանում այդ գրքի մեջ առկա առողջապահական խորհուրդների (այո` առողջապահական) մասին հիշատակել:

Նախօրոք ասեմ, որ խոսքս այն ձևաչափով խորհուրդների մասին չէ, որ թերթերում կամ ամսագրերում կարող եք հանդիպել: Այստեղ, պատգամը հասկանալու համար, հարկավոր է տողատակերով ընթերցել:

Աստված ի սկզբանե է այդ խորհուրդները գրի առել, որպեսզի այսօր և ընդմիշտ բժիշկները դրանք նույնությամբ իրենց հիվանդներին փոխանցեն:

Դանիելը, իր մարգարեության մեջ, 1:12-15, Բաբելոնի թագավորին ասում է. «Խնդրում եմ` տասն օր փորձիր ծառաներիդ: Միայն բանջարեղեն տուր` սնվելու համար և ջուր` խմելու: Հետո մեր արտաքին տեսքն այն երիտասարդների հետ համեմատիր, ովքեր թագավորի սեղանից են կերել»: Վերջինս համաձայնում է և տասն օր անց տեսնում, որ ծառաները բոլորից լավ տեսք ունեն:

Պարզ, բանջարեղենային սննդակարգը հարուստ, մսալի ուտեստներից առողջարար է: Ի՞նչ կասեք…

Ղևտացոց գրքում, 7:23, կարդում ենք. «Խոսիր Իսրայելի ժողովրդի հետ, ասա, որ եզան, ոչխարի և այծի ճարպ չուտեն»:

Հավատացեք, այն ժամանակ խոլեստերինի մասին պատկերացում անգամ չունեին:

Նույն` Ղևտացոց գրքում, կարելի է սննդակարգի վերաբերյալ այլ ցուցումների հանդիպել: Ընդհանուր առմամբ ասվում է, որ Աստված չի կամենում մարդկանց մի քանի օր առաջ պատրաստված կերակուր ուտելիս տեսնել. այն ոչնչացնել է պետք:

Սուրբ գրքում կարելի է նաև սթրեսի և դրա դեմ պայքարի միջոցների մասին խորհուրդներ գտնել: Օրինակ` Ավետարան ըստ Մաթևոսի, 6:25. «Ուրեմն ասում եմ ձեզ, որ չանհանգստանաք կենցաղի համար, չմտածեք, թե ինչով եք սնվում, կամ ինչ հագուստ կրում: Մի՞թե կյանքն ու մարմինն ավելի չարժեն, քան ուտելիքն ու հագուստը»:

Սրանք ընդամենը մի քանիսն են այն խորհուրդներից, որ Աստվածաշունչն է տալիս` առողջ կենսակերպ վարելու համար: Ընդհանուր տողատակն այն է, որ որքան էլ հետազոտություններ կատարենք` այս կամ այն հիվանդությունը կանխելու համար, միշտ նույն եզրահանգումների ենք գալիս` ա) ամեն ինչ չափավորի մեջ է օգտակար, բ) վատ սովորություններից հրաժարվել է պետք և գ) առողջ կենսակերպից լավ բան չկա:

Այնպես որ, սիրելիներս, առաջին առողջապահական ամսագիրը դարեր առաջ Աստծո կամքով է հրապարակվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել