«Շրջանառության հարկի մասին» օրենքում կառավարության նախաձեռնած փոփոխությունները նախատեսում էին կրճատել ստվերը շրջանառության հարկ վճարողների շրջանում, սակայն օրենքի այս փոփոխությունը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց: Կառավարությունը, տնտեսվարողների բողոքներին ընդառաջելով, ապրանքների գույքագրման ժամկետը տեղափոխեց մինչև փետրվարի 1-ը: Սակայն հայրենի տնտեսվարողները շարունակեցին մտահոգություններ հայտնել, որ հարկային մարմիններն իրենց վերապահված իրավունքով կարող են մի քանի այցելությունների շնորհիվ մեծ խնդիրներ ստեղծել իրենց համար:

Այսօր` նոյեմբերի 27-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի մեկնարկի հենց սկզբում հայտարարեց, որ մտահոգված է տնտեսվարողների համար ավելորդ խնդիրներ չստեղծելու հարցով և հանձնարարեց հարկային ստուգումները յուրաքանչյուր տարի անցկացնել միայն մեկ անգամ: «Հանձնարարում եմ յուրաքանչյուր օրացույցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակել մեկ անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ», - կարգադրել է վարչապետը:

Նման քայլը տնտեսվարողների համար հստակ երաշխիք է դառնում, որով նրանք վստահ կլինեն, որ իրենց գործունեության համար ոչ մի արհեստական խնդիրներ կառավարությունը` ի դեմս հարկային մարմինների, չի ստեղծի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել