Հազարավոր վարորդների հետ կապված անօրինականությունը շարունակվելու է։

Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստի ժամանակ մերժվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ նախագիծը, որով ԴԱՀԿ-ին իրավունք էր տրվում մինչև 200000 դրամ տուգանք ունեցող վարորդների բանկային հաշիվների և գույքի վրա առանց դատարանի որոշման կալանք դնել: Հարկ է նշել, որ մինչև 200000 դրամ տուգանք ունեն վարորդների 95 տոկոսը, այսինքն ԱԺ բերված նախագիծն առնվազն 95 տոկոս վարորդների խնդիրը չէր լուծում: Հարկ է նաև նշել, որ ՀՀ քաղաքացուց նույնիսկ 1000 դրամ որևէ մարմին իրավունք չունի խլելու առանց դատարանի համապատասխան որոշման: Սա Սահմանադրական նորմ է: Հետևաբար, այն ինչ տեղի է ունենում հիմա, ուղղակի ՀՀ Սահմանադրության ոտնահարում է:
Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարարը ներկայացրեց գրեթե նույն նախագծերի փաթեթը, որի արդյունքում անվավեր պետք է ճանաչվի այն քաղաքացիների վարչական տուգանքները, որոնք պատշաճ չեն ծանուցվել իրենց վարչական տուգանքի մասին:
Ի՞նչ է ստացվում: Հիմա այդ տասնյակ հազարավոր վարորդները պետք է ամեն գնով փորձեն հիմնավորեն, որ իրենք ոչ պատշաճ են ծանուցվել: Հայաստանյան իրողությունների պայմաններում յուրաքանչյուրը կարող է պատկերացնել, թե դա ինչքանով կհաջողվի վարորդներին: Անձամբ ես, կարծում եմ, որ այդ մարդկանց գերակշիռ մասը չի կարողանալու ապացուցել, որ ինքը պատշաճ ծանուցված չի եղել: Եվ, բնականաբար, նորից քաշքշուկներ, վեճեր և այլն: Իսկական օժանդակությունն այն կլիներ, որ կառավարությունն առանց նախապայմանների և առանց այլևայլությունների անվավեր համարեր բոլոր վարորդների տուգանքները: Այո, եթե մարդը թույլ է տվել խախտում, ապա նա պետք է մուծի տուգանքը, բայց ոչ այն տասնյակ հազարավոր դրամի տույժերը, որն ավելացել է մայր գումարի վրա: Դա էլ այն դեպքում, որ, իսկապես, մարդն անկախ իր կամքից, համակարգի անկատարության պատճառով, ոչ պատշաճ ծանուցման պատճառով հայտնվել է ֆինանսական մեծ բեռի տակ, այն էլ երկրում առկա այս խայտառակ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում:
Էլ չեմ խոսում օրենքի այն դրույթի պահպանման մասին, որ թույլ է տալիս առանց դատարանի որոշման մարդկանց հաշիվների վրա կալանք դնել: Կառավարությունը հետևողականորեն առաջ է մղում այս անօրինականությունը: 
Որպես եզրակացություն միայն կարող եմ նշել, որ իսկապես ցավալի է, երբ հայրենի կառավարությունը նման գործելաոճ է որդեգրել, երբ նույնիսկ ԱԺ-ում չընդունված նախագիծը տանում է կառավարություն, նորից հաստատում ու ուղարկում է Ազգային ժողով, երբ ԱԺ-ում դրական եզրակացությամբ շրջանառության մեջ է գտնվում ՕԵԿ-ի նախագիծը, որի ընդունմամբ ԴԱՀԿ-ն այլևս առանց դատարանի որոշումների չի կարող բռնագանձում իրականացնել, որի ընդունմամբ կվերականգնվի քաղաքացիների սահմանադրական իրավունքը, և քաղաքացիներին հնարավոր կլինի զրկել սեփականությունից միմիայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, ինչը սահմանադրական պահանջ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել