«Այսպիսին եղել ենք, այսպիսին էլ կմնանք»- հոռետեսական այս մտքին կարելի է հանդիպել ամեն քայլափոխի: Մինչդեռ պատմական փաստերն այլ պատկեր են ներկայացնում. մեր ազգի գոյության շրջանի մեծ մասում եղել ենք կազմակերպված, օրինապաշտ, հզոր ու նաև աշխարհակալ: Շումերական էպոսում հայերի երկիրն անվանվում է աստվածային օրենքների երկիր, Օվիդիոսը մեր ցեղի ուժը խորհրդանշել է վագրով, իսկ ըստ անգլիացի պատմագիր Ֆինլեյնի` «Բյուզանդիայի մեջ հայ բառը հոմանիշ էր ազնվականության և քաջարիության»: «Երանի նրան, որ հայոց գնդի տերն է. այդպիսի տիրասեր և միաբան ու միամիտք զորաց, որոնց գնդից ու նշաններից հուր ու բոց կելներ»,- սա էլ Շապուհի խոսքն է:
Դարեր շարունակ հայերը եղել են տարածաշրջանի, ինչու ոչ` նաև աշխարհի հզորների թվում: Ապացուցված է, որ արշավանքների և զինական տեղաշարժերի արդյունքում հայերը դարձել են նախահայրերը մի շարք, այդ թվում նաև ներկայիս եվրոպական, ժողովուրդների: Բայց միայն ռազմարվեստում չէ, որ մեր նախնիները դրսևորել են իրենց գերազանցությունը: Նրանք դեռևս մ.թ.ա. երկրորդ հազարամյակում ստեղծել էին ոգեղեն արժեքներով ապրող հանրություն, որի մեջ ձևավորվել էին հասարակական երեք շերտեր՝ գերիշխող քրմական դասը, զինվորականները և ռամիկները: Քրմական դասը պատասխանատու էր երկրում տիրող ներքին իրավիճակի համար, իրականացնում էր արդարադատություն և, ի տարբերություն այլ ժողովուրդների, մեր պատմության այդ հատվածը «չի հիշում» սոցիալական պայքարի որևէ դեպք:
Մեր նախնիներն առաջիններից էին, որ համակարգված պատկերացումներ ունեին Տիեզերքի մասին, նրանք աշխարհին տվել են մշակույթ, արհեստներ, հայտնագործություններ հողի, մետաղի մշակության և այլ ոլորտներում: Բերենք օտարների կողմից արձանագրված մի քանի օրինակներ: Գիտնական Յոզեֆ Ստրջիգվսկին իր «Հայ ճարտարապետությունը և Եվրոպան» աշխատության մեջ (1918թ.) հայ եկեղեցական ճարտարապետությունը համարել է մայրը, բուն իսկ նախատիպարը Պոլսի Սուրբ Սոֆիայի, Աախենի, Քյոլնի հռչակավոր մայր տաճարների: Նա գտնում էր, որ Եվրոպայի արվեստը Արևելքից և առաջին հերթին Հայաստանից է գալիս: 
Գերմանացի Գերհարդ Քլինգեն դեռ հարյուր տարի առաջ է վկայել, որ հայերն են հայտնագործել թուլիում արծաթը, հայտնաբերել պողպատը, աջակցել և կրթել իրենց շրջապատող հարևաններին:
Իսկ ի՞նչ կատարվեց մեզ հետ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել