«Նախախորհրդարանի» ավտոների պատմությանն անդրադառնալուց մի քիչ զգուշանում էի. դեպքը քննվում ա, անմեղության կանխավարկած, ֆլան-ֆստան: Բայց որ մի քիչ խորացա հայտարարությունների մեջ, չխոսելը դժվարացավ: Ախր շատ անտրամաբանություն տեսա: Ավտոերթ կար, ավտոիրազեկում կար, հիմա էլ՝ ավտոգըմփ: Բա ո՜նց. ռեժիմն ահագին միտինգներից չվախեցավ ու ձեր մի քանի ավտոյի ֆռֆռալուց նենց փիս մրսեց, որ… Տղե՛րք, ձեզ ե՞ք ձեռ առնում, թե՞ իրանց: Երթ անողը միշտ էլ ավտո կճարի: Ի՞նչ ա պատահել: Հայերեն ասած՝ վատ պարողին ինչե՞րն են խանգարում: Միտքս էն ա, որ ձեր ճռճռան հայտարարությունների, անհասկանալի երթերի, գոռոց-մոռոցի, հիմա էլ էս ավտոգըմփի նպատակը, կարող ա պատահի, ուշադրությունից դուրս չընկնելու ինքնապատռտոցն ա: Չեմ ասում՝ դուք եք արել (մեռնեմ անմեղության կանխավարկածին…), բայց գլխանց ուրիշներին նշանի առնելը հուշում ա, որ գըմփ ու շըմփով ուշադրություն գրավելը ոմանց գենետիկ հիշողության մեջ ա ու վայ թե փոխանցվել ա մյուսներին: Էլի հայերեն ասած՝ ածան հավը կչկչան չի լինում: Կչկչալը չածանության նշան ա: Իսկ բուն ավտոգըմփի կապակցությամբ՝ գործը քննվում ա, սպասենք արդյունքներին, մանավանդ, փառք գիտատեխնիկական առաջընթացին, հիմա քաղաքում անտեսախցիկ անկյուն չի մնացել. կնայեն, կտեսնեն, կճանաչեն, կբռնեն… Վստահ եմ, ու դուք էլ վստահ եղեք: Չնայած… Էստեղ էլ մի մտավախություն ունեմ. բա որ հանկարծ պարզվի՝ բոլոր հանգուցյալ ավտոներն անտեսախցիկ տեղեր են կանգնե՞լ… Բոլո՜րը… Ո՛չ, միայն ո՛չ դա… Այ էդ ժամանակ, տղե՛րք, վայ թե հիմար բան ստացվի, ես որ հաստատ չեմ հավատա, որ իշխանություններն են էդ ավտոները տարել, կանգնացրել անտեսախցիկ տեղեր: Չէ, եղբայր, ես լավատես եմ, հակառակ դեպքում խնդալուց կմեռնեմ ու մի քանի հարց կբարձրացնեմ, թե ո՞վ էր մոռացվելուց սարսափում, ո՞վ սարքեց ավտոգըմփը, ու ինչե՞րն էին խանգարում վատ պարողներին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել