Facebook սոցկայքը 2015թ-ի հունվարի 1-ից օգտատերերի տվյալների օգտագործման նոր քաղաքականություն կգործարկի, որը թույլ կտա, առանց հատուկ թույլտվության, օգտատերերի մասին ինֆորմացիան հանձնել երրորդ անձանց։  Այս մասին նշվել է սոցցանցի կողմից օգտատերերին ուղղված ծանուցումների մեջ։
Ծանուցման համաձայն՝ 2015թ․-ի հունվարի 1-ից սոցկայքից ու դրա ծառայություններից օգտվել շարունակելու դեպքում կհամարվի, որ օգտատերերը համաձայնվում են նոր քաղաքականությանը։
Քաղաքականության նոր տարբերակում նշված է նաև, թե Facebook-ը մասնավորապես ում կտրամադրի օգտատերերի մասին տեղեկատվությունը։ Դրանք են գովազդային ծառայությունները, վերլուծական ընկերությունները, կապի օպերատորները և Facebook-ին ծառայություններ մատուցող այլ ընկերություններ։
Բացի այդ, սոցկայքի օգտատերերի տվյալները կտրամադրվեն Facebook-ի գործընկերներին՝ համացանցային կայքերի սեփականատերերին, բջջային սարքերի հավելվածներ արտադրողներին, ինչպես նաև այնպիսի ընկերությունների, որոնց արտադրանքից ու ծառայություններից օգտվում են սոցցանցի օգտատերերը։
Facebook-ը տվյալներ կհանձնի նաև պետական մարմիններին, եթե նրանց հարցումը իրավաբանորեն հիմնավորված լինի։

Facebook-ն իր օգտատերերի համաձայնությունը չի հարցնի տվյալների փոխանցման համար՝ համարելով, որ բոլոր նրանք ովքեր կշարունակեն օգտագործել կայքը 2015թ․-ի հունվարի 1-ից, ինքնըստինքյան կտան իրենց համաձայնությունը։

Facebook-ը նաև ներկայացրել է անձնական տվյալների այն ցանկը, որ հավաքագրվում է։ Այն ներառում է սոցցանցում օգտատերերի ցուցաբերած ակտիվությունը՝ հրապարակած նյութերը, նամակագրությունները, մարդու գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը, գրանցման էջում լրացված օգտատերերի ու նրանց ընկերների անձնական տվյալները։
Facebook-ը հավաքագրում և պահպանում է սոցցանցում օգտատերերի կողմից կատարած վճարումների, բանկային քարտերի համարների, ինչպես նաև  այն հաշվեհամարների մասին տվյալները, ուր փոխանցումներ են կատարվել և նմանատիպ այլ տվյալներ։
Հավաքագրվում է նաև կոնտակտային բոլոր տվյալները, այդ թվում ոչ միայն այն տվյալները, որոնք գրի են առնվել սոցցանցում գրանցման ժամանակ, այլև նամակագրության մեջ նշված կոնտակտները, ինչպես նաև Սմարտֆոնների ու պլանշետների մեջ գրանցված կոնտակտները, եթե օգտատերերը դրանք գործածել են Ֆեյսբուքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել