Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում հայ տղամարդը հարթաշուրթով հանում է ազգությամբ ուզբեկի ատամը: Այդ տհաճ «արարողությունը» կատարվում է ծաղրանքով, նվաստացմամբ, լկտի հայհոյանքներով համեմված: Ընդ որում՝ այդ ամբողջ ընթացքին, ըստ հնչող ձայների և կադրում երևացողների, հետևում են էլի մի քանի հայազգի «տղամարդիկ»:
Նողկանքից, զզվանքից, ամոթից, հիասթափությունից զատ այլ զգացում չես ունենում նայելուց հետո: Ամաչում ես, որ դրանք հայ են կոչվում, որ մեր ազգում կան նման կենդանակերպեր: 
Եվ այնքան ստոր են ու տականք, որ այդ տեսանյութը տեղադրել են ՅուԹուբում՝ ի տես համայն աշխարհի, և այն «հաջողությամբ» տարածվում է համացանցում: Լավ, մարմնի ո՞ր մասով են մտածում այդ վայ հայերը... Չե՞ն մտածում, որ մի ամբողջ ժողովրդի արժանապատվության հետ են խաղում... Դուք ինչպե՞ս կնայեիք այդ տեսանյութը, եթե ուզբեկի կարգավիճակում հայազգի տղամարդ լիներ... Հաստատ ահավոր վրդովմունք կապրեիք և ձեզ նվաստացած կզգայիք... Իսկ ի՞նչ է՝ այդ տեսանյութն Ուզբեկստանում չե՞ն նայի... Ի՞նչ վերաբերմունք կունենան նրանք այդ երկրում բնակվող հայերի և մեր ազգի նկատմամբ առհասարակ... Նողկա՞նք... Ատելությու՞ն... Եվ ճիշտ կանեն, միանշանակ:
Երբ Ռուսաստանում հայազգի վարորդին` Հրաչյա Հարությունյանին, կանացի խալաթով դատարան տարան, ձեզ վատ էիք զգում չէ՞, նվաստացած... Ապա ինչպե՞ս կարելի է հանգիստ, սադիստավարի նվաստացնել, ծաղրել, վիրավորել մեկ այլ ազգի ներկայացուցչի...
Այդ տեսանյութը նայող ցանկացած մարդ քմծիծաղով կվերաբերվի հայերի դարավոր մշակույթի, քրիստոնեության օրրան լինելու և համանման այլ պատմությունները լսելիս: Այդպես անմարդկային եղել են էսէս-ականները, թուրքերը և մյուս տականքները, պետք չէ հավասարվել նրանց…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել