Ուղերձում ասվում է հետևյալը.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր զավակներին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով:

Անկախության հռչակմամբ մեր ժողովուրդն ընտրեց ազատ ապրելու և բարեշեն իր կյանքը կառուցելու դժվարին, բայց և արժանապատիվ ճանապարհը: Անկախության պատմությունը նորագույն մեր տարեգրության հրաշապատումն է` հյուսված մեր ժողովրդի արիասիրտ զավակների հավատքով ու տեսիլքով: Անկախությունը Աստծո պարգևն է ի դիմաց այն զրկանքների ու կորուստների, որոնք մենք կրեցինք Ցեղասպանության և խորհրդային աստվածամերժության հալածանքների տարիներին:

Այսօր մենք գոհություն և փառք ենք մատուցում Աստծուն, որ անկախության քսանմեկ տարիների ընթացքին արձանագրել ենք բազում ձեռքբերումներ ու հաջողություններ` ունենալով նաև դժվարություններ ու ձախողումներ:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հավատում ենք, որ չնայած առկա մարտահրավերներին, պիտի շարունակենք հետևողական ջանքերով, աննահանջ ոգով զորացնել հայոց պետականությունը` հերոսական նոր էջեր հավելելով մեր ժողովրդի տարեգրությանը:

Աղոթում ենք, որ Աստված Իր Աջի հովանու ներքո ամուր ու անսասան պահի մեր պետականությունը, պահպանի աշխարհասփյուռ ազգս հայոց` արդյունավորելով ի սեր հայրենյաց մեր բոլոր ջանքերը»:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել