Վիտամին D անվանում են քիմիական կառուցվածքով նման և ֆոսֆորա-կալցիումական նյութափոխանակությունը կարգավորող մի քանի միացությունների խումբը՝ էրգոկալցիֆերոլ-D2, խոլեկալցիֆերոլ-D3։

Այս միացություններն ապահովում են կալցիումի տեղափոխումը ոսկրային հյուսվածք, կալցիումի և ֆոսֆորի ներծծումը բարակ աղիներում, ինչպես նաև ֆոսֆորի ներծծումը երիկամային խողովակներում։ Վիտամին D-ն ակտիվորեն պայքարում է ռախիտի դեմ, նպաստում օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը, մասնակցում բարակ աղիներում կալցիումի ակտիվացմանը և ոսկրերի հանքայնացմանը։

Օրգանիզմում վիտամին D-ի պակասը հանգեցնում է ֆոսֆորա-կալցիումական նյութափոխանակության խանգարման, ինչը ռախիտի` աղային նյութափոխանակության խաթարման պատճառ է։ Արդյունքում` ոսկրային համակարգում կրի մեծ պակաս է առաջանում։ Վիտամին D-ի գերդոզավորման ժամանակ ի հայտ են գալիս թունավորման այնպիսի երևույթներ, ինչպիսիք են` ախորժակի անկումը, սրտխառնոցը, փսխումը, ընդհանուր թուլությունը, դյուրագրգռությունը, քնի խանգարումները, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը։

Բուսական ծագման սննդամթերքում վիտամին D գրեթե չկա։ Վիտամին D-ով հարուստ է ձկնամթերքը. ձկան յուղը, լյարդը, Ատլանտյան օվկիանոսի սաղմոնաձուկը և այլն։ Ձկնկիթի մեջ վիտամին D-ի պարունակությունը կազմում է 2,2 մկգ%, կաթում` 0,05 մկգ%, սերուցքային կարագում` 1,3 մկգ%։ Քիչ չեն պաշարները նաև սնկերում, եղինջում, հազարաթերթիկում և սպանաղում, ընդ որում, բանջարանոցներում աճող բույսերում վիտամին D-ն ավելի շատ քանակությամբ է առկա, քան ջերմոցային բույսերում։

Հասուն մարդու օրգանիզմում վիտամին D-ի պահանջը հիմնականում բավարարվում է մաշկում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ նրա սինթեզման շնորհիվ, մասսամբ էլ` սննդի միջոցով ստանալու հաշվին։ Բացի այդ, լյարդը ընդունակ է կուտակել այնքան քանակությամբ վիտամին D, որքան անհրաժեշտ է օրգանիզմին ողջ տարվա ընթացքում։ Վիտամին D-ի օրական պահանջը կազմում է 1 մկգ., իսկ մանկական տարիքում (մինչև երեք տարեկան)` 10 մկգ., քանի որ այն կարևորագույն դեր ունի ոսկրային համակարգի ձևավորման գործում։

Վիտամին D-ն համեմատաբար կայուն է օդի թթվածնի հանդեպ, ինչպես նաև` մինչև 100˚C տաքությանը, ուստի այդ ջերմաստիճանից բարձրի դեպքում վիտամին D-ն ամբողջությամբ քայքայվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել