Մի փոքր անկեղծություն Շնորհակալության օրվան ընդառաջ` իմ խորին երախտիքի և որոշ հաշվենկատ անշնորհակալների մասին...

Իրականում  անզեն աչքով  էլ նկատելի է` արդյոք մարդը սրտանց կամեցող է, թե շահադիտական նպատակներով է շփվում քո հետ: Անկեղծ կամեցող ու անշահախնդիր մարդկանց ուզում եմ անվերջ շնորհակալ լինել ու նրանց տալ հազար անգամ ավելին, քանի որ ինձ համար կարևոր է ոչ թե լավության «բաղադրությունը»  կամ  «չափը», այլ կամեցողությունն ու մարդկային այդ հազվադեպ արժանիքը, որն աննկատ չի մնա երբեք իմ կողմից: Նման մարդիկ կան իմ կյանքում, ովքեր իմ կողքին են միշտ, անկախ նրանից՝ ես հարուստ եմ, թե աղքատ, անդունդում եմ, թե բարձունքում... Շնորհակալ եմ կյանքից, որ ունեմ նրանց ու շնորհակալ եմ նրանց, որ կան իմ կյանքում:

Ցավոք, պատահել են նաև մարդիկ, ովքեր ինձ սիրում են միայն այն ժամանակ, քանի դեռ կարող են ինձնից օգուտ քաղել ու հաճախ ոչ թե պարզ երեսով, այլ ստոր քայլերի դիմելով: Նրանց ուղղակի ուզում եմ ասել հետևյալը. ինձ ձեր արշինով երբեք չչափեք: Եթե ինչ-որ բան ա պետք, միանգամից ասեք. պետք չի, որ ձեր կարճ խելքով ինձ զոռով «պարտքի տակ» գցեք՝ նախապես ինձ ծառայություն մատուցելով ու հետագայում երեսով տալու մտադրությամբ: Քանզի, առաջին հերթին, ես մեկը չեմ ձեզնից, որ ընդունեմ այն, ինչը «ձրի» է, երկրորդ` նախքան դուք ինձ երեսով կտաք ձեզ մեծ թվացող մանր արարքը, ես կվերադարձնեմ ձեզ ձեր իսկ գնին համապատասխան իմ «պարտքը», միայն թե այդժամ պետք չէ բողոքել էժան փոխհատուցումից: Եվ, վերջիվերջո, ի տարբերություն ձեզ, ես կարողանում եմ մարդու համար լավություն անել, հենց այնպես` առանց ինձ նախնական մատուցված ծառայությունների և հետին ակնկալիքների…. Գիտեմ, որ դրանից օգտվում են ձեզ պես պնդերեսներն ու անշնորհակալները՝ շահագործելով իմ այս վերաբերմունքը, բայց ի՞նչ արած… Ամեն մարդ իր պատվի առաջ է պատասխանատու: Կարևորը՝ ես իմ պատվի առաջ մաքուր եմ: Մնացածը դուք մտածեք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել