ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 28-ին պատրաստվում է հանդես գալ նախաձեռնությամբ, այն է՝ օրինագիծ մտցնել Ազգային Ժողով, որով պահանջելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Դրա համար, ինչպես հայտարարել է հենց ինքը` Նիկոլ Փաշինյանը, իրեն պետք է ընդամնեը 44 ստորագրություն` օրինագիծը ԱԺ մտցնելու համար, ինչի համար նա պատրաստվում է դիմել ոչ իշխանական ուժերին:
Սակայն այստեղ կա մի քանի խնդիր, որոնք պետք է դիտարկել կետ առ կետ:
Առաջին. Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն առաջին իսկ հայացքից ավելի շատ նմանվում է ինքնանպատակ քայլի, քանի որ Նիկոլ Փաշինյանը, լինելով փորձառու քաղաքական գործիչ, հիանալի հասկանում է, որ Հայաստանում ստորագրություններով և ԱԺ նախագծեր մտցնելով՝ իշխանափոխություն կամ նախագահի հրաժարական չի եղել և չի էլ կարող լինել: Այսքանով արդեն իսկ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը վերածվում է կամ քայլի` հանուն քայլի առանց որևէ նպատակի կամ արդյունքի, կամ սեփական վարկանիշը որպես ընդդիմադիր գործիչ պահելու մղումով արված քայլ: Երկու դեպքում էլ այն չի ուենալու այն արդյունքը, ինչի մասին հայտատարում է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:
Երկրորդ. Հայաստանում ներքաղաքական գործընթացների տրամաբանությունը հուշում է, որ առանց լուրջ հասարակական մոբիլիզացիայի և հանրային ճնշման այստեղ չեն կարող լինել անգամ թեթև զիջումներ իշխանությունների կողմից, ուր մնաց իշխանության ղեկավարի ինքնակամ հրաժարականը՝ միայն ինչ-որ 44 ստորագրությունների փաստից ելնելով: Եթե սրան ավելացնենք նաև այն, որ ԱԺ-ում իշխանական կուսակցությունն ունի բացարձակ մեծամասնություն, ապա միանգամայն պարզ է, որ անգամ Աժ-ում հայտնվելու պարագայում նախաձեռնությունը տեղում մտնելու է փակուղի` ՀՀԿ խմբակցության կատաղի դիմադրության արդյունքում:
Երրորդ. Եթե իսկապես Նիկոլ Փաշինյանը ձգտում է իշխանափոխության, ապա ինչո՞ւ չի միանում Եռյակի կողմից տարվող քաղաքական գործընթացին` իր մասով աջակցելու համար երկրում փոփոխություններ իրակացանելու պրոցեսին: Փոքր-ինչ զավեշտալի է, երբ Նիկոլ Փաշինյանն իր նախաձեռնության կենսունակությունը պայմանավորում է ոչ թե լայն մոբիլիզացիայով, այլ ընդամնեը 44 ստորագրությամբ, հայտարարելով ինչ-որ մոգական թիվ, որի հավաքվելու դեպքում կարծես կախարդական փայտիկով ՀՀ-ում իշխանական վերնախավն ինքնակամ զիջելու է դիրքերը: Միանգամայն պարզ է, որ 44 ստորագրությունը ոչինչ չի փոխելու Հայաստանայն ներքաղաքական կյանքում, երբ անգամ տասնյակ հազարների հասնող շարժումները դեռ չեն հեռացրել իշխանություններին:
Չորրորդ: Ինչո՞ւ է այնպիսի լուրջ ու ներքաղաքական կյանքում թիվ մեկ կարևորագույն հարց նախաձեռնելու մասին, ինչպիսին գործող Նախագահի հրաժարականի պահանջն է, պատգամավորը հայտարարում ոչ թե Ազգային Ժողովի ոչ իշխանական ուժերի հետ կոնսուլտացիաների, քննարկումների, բանակցությունների արդյունքում, այլ շատ հանպատրաստից, հանկարծակի, ընդամենը սեփական ֆեյսբուքյան էջում ստատուս գրելով, կարծես նման նախաձեռնության մասին հանկարծակի հայտարարելը ապահովելու է դրա հաջողությունը: Մի՞թե Հայաստանում նախագահի հրաժարական պահանջելու գործընթաց սկսելու մասին պետք է հայտարարվի Ֆեյսբուքով, այն դեպքում երբ դա լրջագույն գործընթաց է ենթադրում` լրջագույն նախապատրաստական աշխատանքով: Երկար դիտարկելու դեպքում տպավորություն է ստեղծվում, որ ինքը՝ պատգամավորը, այնքան էլ լուրջ չի վերաբերում իր իսկ նախաձեռնությանը, այն դեպքւոմ, երբ խոսքը ոչ թե ինչ-որ շարքային օրենքի նախագծի, կառավարության որոշման կամ ինչ-որ ոլորտի խնդրի մասին է, այլ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրաժարականը պահանջելու գործընթացի մասին:
Հարցերն ու խնդիրները, բնականաբար, շատ են, սակայն միայն վերոնշյալներն էլ միանգամայն բավական են նկատելու համար, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն ընդամենը ինքնանպատակային քայլ է, որը չի ունենալու որևէ արդյունք, առավել ևս չի բերելու գործող նախագահի հրաժարականին, ինչի մասին հիանալի գիտի նաև դրա հեղինակը, և որ այդ քայլն արգելափակվելու է առաջին իսկ փուլում և դրա մասին շատ արագորեն մոռանալու են ընդամենը 1-2 շաբաթ անց: Որևէ խնդիր սրանով լուծվելո՞ւ է ՀՀ-ում: Կարծում ենք՝ այս հարցի պատասխանը հիանալի գիտի նաև հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:
Եթե լուրջ քաղաքական գործիչը, գիտակցելով այսքանը, այնուամենայնիվ, գնում է այս քայլին, սկսելով այն վատ պլանավորած ձևով և նախօրոք իմանալով նաև դրա անարդյունավետությունը, ուրեմն կամ ինչ-որ այլ խնդիրներ է ուզում այս քայլով լուծել, որոնք այս պահին հասու են միայն իրեն կամ ընդամենն ուզում է հերթական անգամ ապացուցել, որ նման ձևերով Հայաստանում իշխանափոխության հասնելը դատապարտված է ի սկզբանե և ֆանտաստիկայի ժանրից է: 
Լուրջ քաղաքական քայլերն ի վերջո արվում են նախօորք մանրամասն պլանավորվելուց հետո և չեն արվում ընդամենն արվելու համար, քանզի դրանից հետո նմանատիպ քայլն այլ գործչի կողմից միայն կրկին հիշեցնելու է նախորդ ձախողված փորձը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել