Այն ազգը, որը կարոտ է օտարի օգնությանը, ճակատագիրը նրան չի ների այդ թուլության համար և մի օր կայրի գեհենի ժանտ կրակների մեջ: Բավակա՛ն է ինչքան օտարից օգնություն մուրացինք, բավակա՛ն է ինչքան օտարի էժանագին կոշիկները սրբեցինք՝ մեր անգին Ազատությունը մեզ տալու համար: Մենք կարող ենք սիրով անել այն, ինչ օտարն անում է խղճահարությունից ու շահամոլությունից դրդված, ինչպես օտարը, այնպես ել մենք մարդկային ծնունդներ ենք և ոչնչով պակաս չենք նրանցից, դեռ ավելին՝ մեր երակներով առաջին մարդկային արյունն է հոսում, պարզապես պետք է մարդկային առաքինություններից ամենաթանկը, սրբազան, Աստվածատուր կամքը:
Պետք է սովորենք ապրելու բանաձևը, որը շատ պարզ է և դյուրըմբռնելի՝ միասնություն:
Պետք է հասկանանք ազատության համար մեզ ամենաանհրաժեշտ զենքը: Իհարկե, զենքին տիրապետող անկիրթ մարդն իր մետաղով երկար ճանապարհ չի անցնի, բայց զենքին չտիրապետող կիրթ մարդն անմիջապես սրախողխող կլինի, մենք պետք է ընտրենք երկու զենք՝ գրիչ և սուր՝ անշուշտ վերջինը կարևորելով առաջինից: Այնտեղ, որտեղ խոսքը կհասնի գրչին, մենք կգործենք գրչով, երբ կզգանք, որ մեր գրչի թանաքն այնքան էլ մուգ չէ, որ հաշվի նստեն մեզ հետ, կգործածենք սուրը, այս դեպքում բոլորը գլուխ կխոնարհեն մեր առաջ:
Այս կերպ մենք անվերջ կքայլենք ապագայի ճանապարհներով և մեր հատու խոսքը կասենք աշխարհին:
Իսկ եթե շարժվենք մեր հին ոճով՝ ապավինելով միայն գրչին, մենք այդպես էլ կարոտ կմնանք ազատությանը:

Գևորգ Գարդմանցի Գյուլումյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել