Վիտամին E-ն երկար ժամանակ բժշկության կողմից համարվում էր քրոնիկ պարապ վիտամին: Վերջին տասնամյակում, սակայն, կատարված հսկայածավալ ուսումնասիրությունների շնորհիվ պարզ դարձավ այս վիտամինի անփոխարինելի դերը մարդու կյանքում:

Այն ճարպերը հալեցնող անտիօքսիդանտ է, որը բջջաթաղանթի կազմի մեջ պարունակվող ճարպերը (լիպիդները) և բջիջների մեջ եղած տարբեր միացությունները պաշտպանում է ազատ ռադիկալների կողմից քայքայումից: Այս հայտնագործությունն առաջին անգամ արվել է 1922թ.: Կարմիր պալմայի բուսական յուղի մեջ վիտամին E-ն բնական խառնուրդներով է հանդես գալիս` 4 տոկոֆերոլներով (ալֆա-, բետա-, գամմա-, դելտա-տոկոֆերոլ) և 4 տոկոտրիենոլներով (ալֆա-, բետա-, գամմա-, դելտա-տոկոտրիենոլ): Ալֆա ձևը առավել ակտիվ է: Վերջին ուսումնասիրություններով` տոկոտրիենոլները 40-60 անգամ ավելի արդյունավետ են կանխում քաղցկեղի, տարբեր բորբոքումների ռիսկայնությունը, քան տոկոֆերոլները:

Տոկոտրիենոլ ամենաշատը պարունակում են պալմայի, գարու բուսական յուղերը, որոնք ալֆա-տոկոֆերոլի լավագույն աղբյուրն են: Եթե մարդը մի քանի ամիս շարունակ ամեն օր առնվազն 10մգ վիտամին E ընդունի, ապա հետագայում նրա օրգանիզմում կարող է դրա պակաս առաջանալ, որը կարող է արտահայտվել մկանային անհանգստություններով, անեմիայով, տեսողության վատացմամբ, ռեֆլեկտոր ֆունկցիաների թուլացմամբ:

E-ն ակտիվացնում է սեռական գեղձերի և առհասարակ էնդոկրին համակարգի աշխատանքը, նպաստում է բազմացմանը, ծնելիությանը: Տոկոֆերոլի հիմնական սպասարկողն է (առաջացել է հունարեն TOCOS-ժառանգականություն, PHENO-արտադրող բառերից) վիտամին E-ն, որը ծնելիությանը նպաստող վիտամին է: Այս վիտամինի բացակայության պայմաններում անհնար է սպերմատոզոիդների նորմալ զարգացումը, նորմալ հղիությունը, ժառանգականության ապահովումը` երեխայի կերակրումը և կենսագործունեության ապահովումը:

Վիտամին E-ի պակասը հղի կանանց վիժումների է հանգեցնում: E-ն խթանում է մկանների աշխատանքը, ֆիզիկական աշխատունակությունն է բարձրացնում, օրգանիզմը ամրացնում է: Անեմիայի` սակավարյունության վտանգը կանխարգելում է` թույլ չտալով հեմոգլոբինի մեջ պարունակվող արյան կարմիր գնդիկների տարրալուծումը:

Ամենաանհրաժեշտ վիտամիններից է, որը երիտասարդության հոմանիշ է, իրականացնում է anti-age բոլոր թերապիաները: Կարգավորում է բջջաթաղանթը` թույլ չտալով լիպիդների թթվայնացումը: Այսօր արդեն այս վիտամինը համարվում է ամենահզոր վիտամիններից առաջնայինը, որը բոլոր դեղամիջոցներից ամենալավն է պայքարում քաղաքակիրթ աշխարհում տարածված` սրտային մի շարք հիվանդությունների դեմ. նվազեցնում է սրտային սուր նոպաների հաճախականությունը, ինչպես նաև նվազեցնում է սրտի իշեմիկ հիվանդություններից մահացությունների քանակը` անոթները պաշտպանելով հնարավոր վնասվածքներից, պաշտպանում է աթերոսկլերոզից:

Որքան հաճախ օգտագործեք E վիտամինը, այնքան ձեզ կապահովագրեք սրտամկանային մի շարք հիվանդություններից: Վիտամին E-ն արյան մեջ նվազեցնում է «վատ» խոլեստերինի քանակությունը, ինչպես նաև կանխում է դրա կուտակումը զարկերակների պատերին, որը խցանում է արյան շրջանառությունը: Միևնույն ժամանակ ավելացնում է «լավ» խոլեստերինի քանակը, որը մաքրում է զարկերակը:

Արյունը մաքրելով վնասակար ճարպերից՝ E-ն լավացնում է արյան շրջանառությունը և զգալիորեն նվազեցնում է տրոմբոցիտների խցանումները: Արյան թրոմբները, խցանվելով զարկերակների մեջ, թույլ չեն տալիս օրգանիզմում արյան շրջանառությունը` սրտի սուր նոպաների պատճառ դառնալով, իսկ եթե վնասված են լինում ուղեղի արյունատար անոթները, ապա մարդու մոտ ինսուլտ է տեղի ունենում:

Հատկապես շաքարախտով հիվանդների համար վիտամին E-ի պակասը չափազանց վտանգավոր է, քանի որ բարձր է թրոմբների առաջացման հավանականությունը: 3-4 ամիս շարունակ վիտամին E-ի օգտագործումը կարգավորում է ածխածնային և ճարպային փոխանակությունների հնարավոր խախտումները` հյուսվածքները պաշտպանելով վնասվածքներից:

Հիշեք նաև, որ վիտամին E-ն

- նվազեցնում է ինսուլինի մակարդակը և սիրտը փրկում է այնպիսի վնասվածքներից, որոնք կապված են մագնիումի դեֆիցիտի և կամ թթվածնի անբավարարության հետ:

- Վիտամին E-ի և քաղցկեղի տարբեր տեսակների միջև փոխհարաբերությունների մասին հարյուրավոր ուսումնասիրություններ կան: Եզրակացությունը հետևյալն է. այն հիվանդները, որոնց արյան մեջ E վիտամինի քանակությունը ցածր է, նրանց օրգանիզմներն ավելի շատ են հակված չարորակ բոլոր տեսակի ուռուցքների առաջացմանն ու զարգացմանը: Վիտամին E-ի էֆեկտիվությունը բարձրանում է սնուցող այլ նյութերի` անտիօքսիդանտների առկայությամբ: E վիտամինի հակաուռուցքային պաշտպանողական դերակատարումը հատկապես արդյունավետ են դարձնում վիտամին C-ն, կարոտինը և սելենը (լուսնածին):

- Վիտամին E-ն կարևորագույն դերակատարում ունի հատկապես նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ, պրոֆիլակտիկ հրաշալի միջոց է: Դա ապացուցվել է բժշկական տարբեր փորձագիտական հետազոտությունների ժամանակ: Ավելին, այն, վիտամին C-ի հետ, դանդաղեցնում է Պարկինսոնի հիվանդության զարգացումը:

- Շնչառական համակարգի խանգարումների սիմպտոմների ժամանակ լավագույնս օգնում է E վիտամինի ճիշտ քանակությամբ կանոնավոր և ամենօրյա օգտագործումը:

- Հոդերի բորբոքմամբ` արտրիտով տառապող մարդիկ E վիտամինի օգտագործմամբ զգալիորեն կմեղմեն հոդացավերը:

- Ի դեպ, E վիտամինի պակասը կարող է հանգեցնել նաև աչքի կատարակտի, տեսողության զգալի վատացման, նույնիսկ կարող է կուրացման պատճառ դառնալ:

- E վիտամինի ամենօրյա օգտագործումը հրաշալիորեն ամրացնում է օրգանիզմի դիմադրողական համակարգը: Պաշտպանում է հնարավոր բացիլներից, ինֆեկցիաներից, ինչպես նաև տարիքային այլ հիվանդություններից:

Վիտամին E պարունակվում է.

Բուսական յուղերի (արևածաղկի, եգիպտացորենի, պալմայի, ևն), մարգարինի որոշ տեսակների, նուշի, գետնընկույզի` արախիսի, ցորենի և նրա սերմի, ձվի դեղնուցի, լյարդի, հնդկաձավարի (գրեչկա), վարսակաձավարի (օվսյանկա), չափազանց օգտակար` ցորենի թեփի, թարմ կանաչ ոլոռի, թարմ սպանախի և բրոկկոլի կաղամբի, լոլիկի, ընկուզեղենի, սաղմոն ձկան (լոսոս), հացահատիկային բույսերի սաղմնային հատիկների, մսի, ավոկադոյի, կանաչեղենի, կաթի, կարագի մեջ: Այս վիտամինից չի պարունակվում գազարի, սոխի, կարտոֆիլի, վարունգի, հացի, մակարոնեղենի մեջ: Վիտամին E-ի հրաշագործ հատկություններին ավելի ամբողջական կանդրադառնանք մեր թերթի հաջորդ համարում:

Այս վիտամինն իր կառուցվածքով բնության մեծագույն հրաշքներից մեկն է համարվում: E վիտամինի (տոկոֆերոլ) մոլեկուլները բաղկացած են 3 տարրերից` ջրածնից, թթվածնից և ածխածնից, սակայն մոլեկուլներից և ոչ մեկը մյուսին չի կրկնում: Ըստ գիտնականների` առանց այս վիտամինի հնարավոր չէր լինի պատկերացնել կյանքի զարգացումը երկրագնդի վրա:

Գիտնականները 8 տեսակի տոկոֆերոլներ են ճանաչում, որոնք վիտամին E-ի տարբեր դրսեւորումներ են: Ինչպես արդեն նշել ենք, հունարենից թարգմանաբար տոկոֆերոլը նշանակում է՝ «ժառանգականություն ապահովել»: Կենդանիներին զրկելով այս վիտամինը պարունակող սննդամթերքից՝ պարզել են, որ նրանք դադարել են բազմանալ: Ալֆա-տոկոֆերոլը ամենաակտիվն է տոկոֆերոլներից:

Վիտամին E-ն ճարպերը լուծում է, ջրի մեջ այն չի լուծվում, գրեթե չի ենթարկվում բարձր ջերմաստիճանի ազդեցությանը, թթուներին և ալկալիներին: Եռացնելիս գրեթե չի քայքայվում, սակայն լույսի ներքո, բաց վիճակում` օդի ազդեցության, քիմիական նյութերի կամ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո չի կարող երկար պահպանվել սննդամթերքի մեջ: Վիտամին E-ն կենդանական ծագում ունեցող սննդամթերքի մեջ գրեթե չի լինում: Միայն լյարդի, ձվի դեղնուցի և կաթի մեջ կա: Ակտիվ` ալֆա-տոկոֆերոլը թարմ բանջարեղենի մեջ է: Սառեցված բանջարեղենի մեջ դրա քանակությունը 2 անգամ քիչ է, իսկ պահածոյացված բանջարեղենի մեջ` գրեթե չի պարունակվում: Մարգարինի մեջ ևս կա, սակայն ոչ շատ քանակությամբ: Այն ամենաշատը պարունակվում է բուսական յուղերի, ընկուզեղենի, գարու, ցորենի հատիկների և թեփի, արևածաղկի, սպանախի, բրոկկոլիի, եղինջի, մասուրի պտուղների, ազնվամորու տերեւների, առվույտի, կտավատի սերմերի մեջ: Մշակված ալյուրի մեջ, կարելի է ասել, վիտամին E չկա: Ռաֆինացված` զտված յուղերը չափից շատ տապակելիս` թթվեցման պրոցես է սկսվում, անջատվում են ազատ ռադիկալները, որոնք քայքայում են մեր օրգանիզմի բջիջները: Իսկ E-ն պաշտպանում է բջիջներն այդ ռադիկալներից: Դրա համար խորհուրդ չի տրվում սննդամթերքը չափից շատ տապակել:

Տոկոֆերոլները կարող են դիմակայել մինչև 200°C բարձր ջերմաստիճանի, սակայն թավայի մեջ միսը կամ այլ սննդամթերքը յուղով չափից ավելի տապակելու դեպքում E-ն գրեթե անհետանում է: Այս վիտամինի հիմնական ֆունկցիան բջջաթաղանթի պաշտպանությունն է: Ազատ ռադիկալների (ատոմների խմբերի) և մեր օրգանիզմի բջիջների մեջ մշտապես պայքար է մղվում: Ռադիկալները մշտապես հարձակվում են էրիտրոցիտների` արյան կարմիր գնդիկների վրա` վնասելով և թույլ չտալով բավարար թթվածին ստանալ: Վիտամին E-ի մոլեկուլները բոլոր կողմերից շրջափակում են էրիտրոցիտները` նպաստելով դրանց ակտիվ գործունեությանը և պաշտպանելով այդ ազատ ռադիկալների բոլոր հարձակումներից: Եթե E-ն օրգանիզմում բավարար քանակով չի լինում, ապա արյան կարմիր գնդիկները շատ արագ կորցնում են իրենց ակտիվությունը, և արյան բաղադրությունը գրեթե ժամը մեկ անգամ փոփոխության է ենթարկվում: Ուրեմն, եթե ձեր օրգանիզմում ինչ-որ բան այն չէ, կամ նյութափոխանակության հետ կապված խնդիրներ ունեք, E վիտամին` պարունակող սննդամթերք կերեք: Օրինակ, եթե տոնական երեկոյի ընթացքում չափից ավելի ալկոհոլ և ծխախոտ օգտագործելուց հետո հաջորդ օրը ձեզ ջարդված եք զգում, դա նշանակում է, որ ձեր օրգանիզմում միլիարդավոր արյան բջիջներ` էրիտրոցիտներ են մահացել-ոչնչացել: Նման դեպքում շատ արագ պետք է 1 ճաշի գդալ ձիթապտղի կամ կտավատի բուսական յուղ խմել և օրգանիզմի բջիջների վիճակը թեթևացնել:

Օրական մինչեւ 14 տարեկան երեխաներին անհրաժեշտ է 6-12մգ վիտամին E, իսկ մեծահասակներին` 12մգ: Հղի և կերակրող մայրերին անհրաժեշտ է մինչեւ 16մգ և ավելի վիտամին E: Վերջին հետազոտությունների արդյունքներով` մեր օրգանիզմին վիտամին E-ի նշված չափաքանակից ավելին է անհրաժեշտ` հաշվի առնելով այսօրվա շրջակա միջավայրի էկոլոգիական վատ վիճակը, վատ սովորությունները, սննդի որակը, և այլն, որոնք անդրադառնում են օրգանիզմում եղած տոկոֆերոլի վրա: Շատ ճարպեր օգտագործող մարդկանց ավելի շատ վիտամին E է անհրաժեշտ: Սելենի (լուսնածին) պակասը մեր օրգանիզմում, որն այսօր լայն տարածում ունեցող երևույթ է, ևս վիտամին E-ի` տոկոֆերոլի լրացուցիչ պաշարներ է պահանջում: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր մշտապես կանաչեղեն, բուսական յուղեր` տոկոֆերոլով հարուստ սննդամթերք են օգտագործում, մեծ քանակությամբ վիտամին E-ի անհրաժեշտություն ունեն:

Մի շարք դիետոլոգներ առաջարկում են վիտամին E-ն ընդգրկել ամենօրյա օրակարգի մեջ: Լավագույն ձևը բուսական յուղերի` եգիպտացորենի, արևածաղկի, կտավատի, ձիթապտղի, քունջուտի, սոյայի օգտագործումն է: Օրական գոնե 1 անգամ 1 ճաշի գդալով այս բուսայուղերից խմեք, և ձեր բջիջները լիարժեք պաշտպանված կլինեն: Ի դեպ, վիտամին E-ի պակասը հոգնածություն, տրամադրության անկում, անտարբերություն է առաջացնում, քանի որ նյարդային իմպուլսների ազդակները թուլանում են, օրգանները լիարժեք չեն գործում:

Վիտամին E-ի պակասից մկանային, ապա ոսկրային, ինչպես նաև սրտամկանային դիստրոֆիա` խախտումներ են առաջանում: Ավելին, վիտամին E-ի անհրաժեշտ քանակի պակասը նաեւ պիգմենտային հետքեր է առաջացնում մաշկի, ձեռքերի վրա: Ինչպես նաև օրգանների վրա, որոնք, թեև մենք չենք տեսնում, սակայն բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների պատճառ են դառնում:

Սակայն, նաև չպետք է չարաշահել վիտամին E-ն. մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում սրտխառնոց, արյան ճնշման բարձրացում և այլ երեւույթներ կարող են տեղի ունենալ, որն, իհարկե, հնարավոր է կարգավորել` վիտամինի քանակը նվազեցնելով: E-ն համադրելի է վիտամին C-ի եւ A-ի հետ. A-ն նպաստում է E-ի յուրացմանը, իսկ C-ն բարձրացնում է տոկոֆերոլի պաշտպանական գործունեությունը:

Վիտամին E-ն հաբերի տեսքով ընդունելու դեպքում անպայման պետք է հետևեք, որպեսզի ստամոքսը դատարկ չլինի, խմեք ուտելուց հետո: Ցանկալի է, որպեսզի ճարպեր պարունակող որևէ սննդամթերք լինի, օրինակ` ընկույզ և մրգեր, արևածաղիկ և այլն. չէ՞ որ վիտամին E-ն ճարպերը քայքայող հատկություն ունի: Սպիտակ հաց, ռաֆինացված շաքար, բուլկեղեն, կիսաֆաբրիկատներ, երշիկեղեն ուտելիս, լյարդը այդ սննդամթերքից շատ արագ ճարպեր է վերարտադրում: Այդ ճարպը ներթափանցում է արյան մեջ, «վատ» խոլեստերինի կուտակումներ են առաջանում, շատ արագ դրանք շատանում են, և արդյունքում՝ բջիջները դադարում են դրանք ընդունել: Եվ, այդ ժամանակ էլ սկսվում է աթերոսկլերոզը, ճարպի մոլեկուլները կպչում են զարկերակների պատերին` փոփոխելով իրենց գործունեության տեսակը:

Խուսափեք պարզապես «հարմար», արագ, «դատարկ» սննդամթերքից. ճիշտ սնվեք, և դուք դեղերի ու լրացուցիչ վիտամինների խմբաքանակների անհրաժեշտություն չեք ունենա: Վիտամին E-ի կարեւոր արժանիքների մասին մենք առաջիկայում կշարունակենք պատմել. սա դեռ ամբողջը չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել