Հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հարթակից «մարգինալների» և «պսեվդոընդիմադիրների» տիտղոս ընծայեց բոլոր այն ուժերին ու քաղաքական գործիչներին, ովքեր իրենց հետ միասին չեն մասնակցում իշխանափոխության գործընթացին: Այս հայտարարությունը միտված էր համոզել, որ իրական ընդդիմությունը կանգնած է Ազատության հրապարակի հարթակում:

Նիկոլ Փաշինյանը օրերս լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ այս ուրբաթ դիմելու է ոչ իշխանական պատգամավորներին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի գործընթաց սկսելու առաջարկով: Փաշինյանին ոչ իշխանական խմբակցություններից անհրաժեշտ է ընդամենը 44 ստորագրություն՝ արտահերթ կարգով խորհրդարանի լիագումար նիստում քննարկելու համար։

Վերադառնանք Տեր-Պետրոսյանի հայտարարությանը: Ըստ ոչ իշխանականների՝ հոկտեմբերյան հանրահավաքների օրակարգի առանցքային հարցը իշխանափոխությունն էր: Փաստացի Նիկոլ Փաշինյանն էլ սկսել է նոր գործընթաց, նոր ռազմավարություն՝ իշխանափոխության վերաբերյալ: Ընդհանուր առմամբ նրա հարցազրույցից դժվար չէ եզրակացնել, որ Նիկոլը մեծ աջակցություն չի ակնկալում. ընդամենը 44 ստորագրություն: 
Առաջին նախագահն իր խոսքում բազմիցս նշում էր, որ էական չէ, թե ով է սկսում իշխանափոխության գործընթացը, կարևորն այն է, որ բոլոր կողմերից լինի աջակցություն: Այսպիսով Նիկոլը սկսում է նոր գործընթաց, սակայն ոչ իշխանականների ճամբարը կաջակցի նրան, թե ոչ՝ դա դեռ հարց է: Առաջին նախագահի՝ «մարգինալներ» տերմինը ունենալու է նոր հասցեատերեր:

Ակնհայտ է, որ ոչ բոլոր ուժերին դուր կգա ընդդիմության լիդերների պատվանդանի առաջին հորիզոնականին տեսնել Նիկոլ Փաշինյանին և այդ պատճառով ակնհայտ է, որ ոչ բոլորը կմասնակցեն ստորագրահավաքին: 
Այսպիսով, ընդդիմադիր մի բևեռին նոր իշխանափոխության գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է ընդդիմադիր մյուս բևեռի աջակցությունը, բայց դեռ պարզ չէ՝ վերջինս կաջակցի, թե ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել