Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում այսօրվա քաղաքական դաշտում: Հանրահավաքային լճացումների ֆոնին ձևավորվեց անվստահություն ոչ իշխանական երեք ուժերի նկատմամբ: Համաժողովրդական շարժման համար նոր ռազմավարություն ընտրելու, քայլերին նոր թափ հաղորդելու և քաղաքական «լայն» կոնսոլիդացիայի հետևանքը եղավ այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած կուսակցությունը դե ֆակտո առանձնացավ Եռյակից՝ այն վերածելով «Դուետի»:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ վերջին շրջանի քաղաքական ակտիվությունն ակնարկում է նոր ընդիմադիր ուժի ձևավորման մասին: Նիկոլը պատրաստվում է դիմել ոչ իշխանականներին վերսկսել գործընթաց՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ: Պատգամավորի համար պարզ չէ, թե ոչ իշխականակների ճակատն ինչպիսի մոտեցում կցուցաբերի իր նախաձեռնության վերաբերյալ: Մասնավորապես Նիկոլն ակնկալում է ոչ իշխանականների ընդամենը 44 պատգամավորների աջակցությունը. «Ոչ մի բան չի խանգարում, որ 44 պատգամավոր իրենց ստորագրությունները դնեն փաստաթղթի տակ, հարցը մտնի լիագումար նիստ և իրենց ասած՝ Ազատության հրապարակի ժողովուրդը կանգնի էս դարպասների տակ, և մենք բոլորս միասին պահանջենք Սերժ Սարգսյանի հրաժարականը»:

Ոչ իշխանական Դուետի արձագանքն իրեն երկար սպասել չտվեց: ԲՀԿ խոսնակը, սլաքներն ուղղելով Փաշինյանի կողմը, հայտարարում է, որ քաղաքական դաշտում ձևավորվել է երկու կատեգորիա՝ իշխանափոխություն անողներ և իշխանափոխություն պահանջողներ: Նրա պնդմամբ՝ իշխանափոխություն պահանջողները տարիներ հետո հայտնվում են իշխանությունների ծոցում և շեղում ընդդիմադիր զանգվածին բուն գործընթացից:

Փաշինյանը սկսում է նոր գործընթաց: Քանի որ ոչ իշխանական Դուետը քաղաքական առումով ոչ մի արդյունք չտվեց, իսկ գործընթացն էլ մոտենում է իր տրամաբանական ավարտին, այսպիսով մենք ականատես ենք լինում նոր քաղաքական վերադասավորումների: Ձևավորվում է Դուետի այլընտրանքը, որն իր հետ նոր խմորումներ է առաջացնելու ընդդիմադիր ճակատում: Հույս ունենք, որ այս անգամ մենք կտեսնենք իրական ընդդիմադիր բևեռ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել