Կապված դրամի արժեզրկման հետ` ՀՀ կենտրոնական բանկի հայտարարության հիմքում ավելի ժողովրդական լեզվով ասած հետևյալն է` դրամի արժեզրկումը օգուտ է ազգաբնակչության համար: Քանի որ մենք ապրում ենք դրսից ուղարկած տրանսֆերտների հաշվին, ապա ինչքան ուղարկված տարադրամի հաշվին շատ դրամ ունենանք, այնքան շատ բան կգնենք: 
Սա սարկա՞զմ է, թե՞ հերթական անգրագետ հումորը, որ, լղոզված տեքստով, հրամցվում է մեզ: Մի՞թե կենտրոնական բանկի հայտարարությունը գրած մասնագետները այս կարգի ոչ տնտեսագիտական ձևակերպում պետք է ներկայացնեին: Մտածու՞մ են նրանք արդյոք, որ եթե 1 դոլարը արժենա ասենք 1000 դրամ, մենք խանութից ավելի շատ բան կգնենք։ Սա անգրագիտության գագաթնակետն է արդեն: Դրամի արժեզրկումն անխուսափելիորեն հանգեցնելու է ապրանքների գնաճին` ի դեպ շատ ավելի դաժան գնաճի: Հայտարարության տեքստից նաև հասկանում ենք, որ մենք ապրում ենք միայն դրսից ուղարկված փողերի հաշվին, այսինքն բացարձակ անտեսվում է տեղացիների ստացած աշխատավարձը`այն երևի պաշտոնապես ընդունելով որպես աղքատավարձ:
Հիմա պատասխանեմ ԿԲ-ի տնտեսագիտական մտքի գիգանտներին` իրեց ոճով: Դրամի արժեզրկումից այս պահին գործող կուրսից հետևում է, որ հոկտեմբերին ստացած 100.000 դրամ աշխատավարձի փոխարեն նոյեմբերին ստանալու ենք 88.000:
Դուք՝ ձեր տափակ արգումենտը` հիմնված անհիմն հաշվարկների վրա, մենք՝ մերը` հիմնված գրպանում առկա գումարի չափի կտրուկ նվազման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել