Մեր սերը քարտեզին եղավ, ու չափն իսկական չիմացանք: Ու խենթ պատերազմներում հաճախ սահմաններն անցանք: Կռվեցինք ու կղզիացանք: Խռով մնացինք իրարից, մանրացանք, փշրվեցինք ու կղզիախումբ դարձանք: Մեր կղզիների չափը չիմացած՝ նորից հետ եկանք, իրար միացանք, մեկ ամբողջ դառանք: Ու՞ր էր, թե մեր սերը գլոբուսին լիներ, ու ոչինչ սխալ դուրս չգար:
Մեր սերը արևին եղավ, ու մթության սարսափը երբեք չիմացանք: Ու լուցաբացներից մի քիչ ուշ միշտ արթնացանք: Կռվեցինք ու սառանք: Սառնության չափը չիմացած՝ մի փոքր ժպիտից էլի ջերմացանք ու արև դառանք: Ու՞ր էր, թե սերս աշխարհիս երեսին լիներ, ու ոչինչ սխալ չլիներ:
Մեր սերը սև ժայռերին եղավ ու ձյունոտ լեռներից վերև եղավ: Մեր սերը բարձրության արծվաթռիչքը ծաղրեց ու սև ձորերին հասավ: Ու՞ր էր, թե սերս ծովափին լիներ ու ցած նայելու տեղ չլիներ:
Մեր սերը փոքր քաղաքի մեծ տներում եղավ ու փողոցի լույսերի արևագույնը տեսավ: Մեր սերն իրեն գիշերվա արև համարեց ու բևեռափայի պես անհետացավ: Ու՞ր էր, թե սերս հեռու աշխարհում լիներ առանց աևի, արևագույնի...
Մեր սերը եղավ ոսկե արտերում, սերը մեր եղավ շոգ անապատում, սերը մեր եղավ թեքված կամրջին, բայց բարձր կարծեց իրեն ամենից ու վերացավ նա քարտեզներից, բարձր կարծեց արևից անգամ ու սառեց, հանգավ, կորավ հավիտյան, բարձր նա պահեց իրեն ժայռերից ու կարևոր զգաց իրեն ձորերից ու զրոյացավ` ոչ վեր ու ոչ վար, ոչինչ նա դարձավ, մեր սերը երկիր պահող իրեն զգաց ու թալանվեց, օտարի ձեռն անցավ...
Օտարը դարձավ տերն իմ սիրո ու հանդգնեց անգամ ասելու, թե իրենն է եղել սերն իմ ոսկյա, որ ինքն է շինել նավակն այդ փայտյա: Օտարն առավ, տարավ, դարձավ տեր, քանդեց ամեն գոռոզ շենք ու շեն, քանդեց ամեն մի տաճար անխելքի ու սերս դարձրեց դրախտն իր սրտի: Օտարը եկավ, իմ սիրտն առավ: Առանց հարցնելու վերցրեց ու տարավ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել