Արժե՞ արդյոք անհանգստանալ վահանաձև գեղձի համար: Վիճակագրության համաձայն, ներքին սեկրեցիայի այդ կարևոր օրգանի հիվանդությունները գնալով ավելի շատ են տարածվում: Թվում է, թե Չեռնոբիլը վաղուց է եղել, իսկ Ճապոնիա՞ն…

Էկոլոգիայի չհուսադրող վիճակը հանգեցնում է վահանաձև գեղձի հիվանդությունների տարածման սարսափազդու տեմպերի:

Վահանաձև գեղձը յոդ է պահանջում

Սա մարդու ներզատիչ գեղձերից ամենանշանակալին է: Այդ գեղձի հորմոններից է կախված մեր էներգափոխանակությունը: Տիրեոիդ հորմոնները ներազդում են մարդու ողջ օրգանիզմի վրա` ուղղորդելով բջիջների ակտիվությունը, կարգավորելով դրանց տրոհումը, հսկելով էներգափոխանակությունն ու նյութափոխանակությունը: Իսկ ամենօրյա յոդի պակասի պատճառով թվարկված գործառույթները պարզապես տեղի չեն ունենում:

Ի դեպ, սա առաջին ուսումնասիրված գեղձն է. դեռևս հին աշխարհի բժիշկ Հալեն է նշել, որ այս գեղձը դուրս բերող հոսք չունի, այսինքն` ներզատիչ է, իսկ բժիշկ ու ալքիմիկոս Թեոֆրաստը, որն ավելի հայտնի է Պարացելսուս անունով, առաջինն է նկատել վահանաձև գեղձի ֆունկցիայի անբավարարության ու կրետինիզմի կապը:

Բնակության աշխարհագրական դիրքով պայմանավորված, բնահողում ու ջրում յոդի պարունակությունը տարբեր է լինում:Յոդի հիմնական աղբյուրը համարվում է Համաշխարհային օվկինաոսը: Յոդի պարունակությունը մեծ է նավթաբեր շրջանների ստորերկրյա ջրերում: Յոդով հարուստ են ծովափնյա տարածքները, իսկ, օրինակ, լեռնային ու հարթավայրային տեղանքներում այն քիչ է, ինչը նշանակում է, որ քիչ է սննդամթերքում, խմելու ջրի մեջ, հետևաբար և` յոդի քանակն անբավարար է այդ տարածքներում բնակվող մարդկանց սննդաբաժիններում:

Յոդը բնական միկրոտարր է, որն անհրաժեշտ է վահանաձև գեղձի առողջության համար: Այն ինքնուրույն օրգանիզմում չի մշակվում, այդ է պատճառը, որ սննդի ու ջրի հետ յոդի քանակն ապահովելն օրգանիզմի համար խիստ կարևոր է:

«Գիտե՞ք, թե ինչն է մեզ տկարամտությունից փրկում: Չնչին քանակով, 5 ցենտից ոչ ավելի արժեքով յոդը` մեր վահանաձև գեղձին» Դեյլ Կարնեգի:

Յոդի անբավարարություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է օրական օգտագործել 50-100 մգ յոդ` կախված տարիքից: Ցավոք, Հայաստանում էլ գրեթե բոլոր բնակիչներն անբավարար քանակությամբ են յոդ օգտագործում:

Վահանաձև գեղձի հիվանդություններ, հանգուցավոր խպիպ, ախտանշանները, հորմոնները

Սա ներզատիչ գեղձ է, որը 3 հորմոն է մշակում` թիրօքսին, տրիյոդիտիրոնին, կալցիտոնին: Առաջին երկուսն օրգանիզմում կարգավորում են նյութափոխանակությունը, աճը, հյուսվածքների ու օրգանների զարգացումը: Կալցիտոնին հորմոնը ղեկավարում է կալցիումափոխանակությունը և կարգավորում ոսկրերի ամրությունը: Ինչպես վահանաձև գեղձի գերֆունկցիայի, այնպես էլ թերֆունկցիայի պատճառով զանազան հիվանդություններ են առաջանում: Հորմոնալ գերակտիվությունը կոչվում է «հիպերթիրեոզ» կամ «թիրետոքսիկոզ»: Իսկ անբավարար հորմոնալ ակտիվությունը` «հիպոթիրեոզ»:

«Թիրետոքսիկոզի» հիմնական ախտանշանները

Սրտխփոց, առատ քրտնարտադրություն, դող, երբեմն` երկվություն, «ավազի» զգացողություն աչքերում, ճնշում աչքերի ետևում, բարձիթողի վիճակներում` էկզոֆտալմ, երբ ակնակապիճները դուրս են պրծնում: Նյարդային վիճակ, վատ քուն, ագրեսիվություն, հոգնածություն, ընդհանուր թուլություն: Լիբիդոյի, պոտենցիայի անկում, դաշտանային ցիկլի խանգարում, մարմնի զանգվածի աճ կամ նվազում:

Վահանաձև գեղձի հորմոնարտադրության նվազումը կոչվում է հիպոթիրեոզ. ախտանշաններն են`

վատ հիշողություն, պոտենցիայի ու լիբիդոյի անկում, դաշտանային ցիկլի խանգարում, չոր մաշկ, փայլատ և փխրուն մազեր ու եղունգներ, սրտի ռիթմի խանգարում, աշխատանքի խախտում, դեմքի ու վերջույթների այտուց, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ, վատ քուն, ճնշման տատանում, ընկճախտ, երբեմն` փորկապություն, քաշի ավելացում:

Աուտոիմունային թիրեոիդիտ

Աուտոիմունային թիրեոիդիտը վահանաձև գեղձի հյուսվածքի քայքայումն է սեփական իմունային համակարգի բջիջներով (լեյկոցիտներ): Իմունային համակարգի մշակած հակամարմինները սեփական վահանաձև գեղձի բջիջներն ընդունում է օտարի տեղ ու սկսում վնասել դրանք: Դա ժամանակի ընթացքում հանգեցնում է գեղձի` հորմոն մշակելու հատկության նվազմանը, այսինքն` հիպոթիրեոզի: Պատճառը հետևյալն է համարվում. ժամանակակից մարդու լիմֆոցիտները շրջանառվում են շրջակա միջավայի թույներից վատ մաքրվող արյան մեջ: Դրանից լեյկոցիտների ակտիվությունը նվազում է ու այլևս ակտիվորեն չեն կարողանում մեզ պաշտպանել մանրէներից ու արտաքին վարակներից: Այդ է պատճառը, որ հաճախակի ենք հիվանդանում ու առանց հակաբիոտիկների չենք կարողանում հաղթահարել հիվանդությունը: Իսկ լիմֆոցիտների մյուս մասն, ընդհակառակը, դառնում է խիստ ագրեսիվ ու «ընդվզում» սեփական օրգանիզմի հյուսվածքների դեմ: Ստացվում է, որ իմունային համակարգի բջիջները քայքայում են իրենց իսկ օրգանիզմի վահանաձև գեղձը:

Հանգուցավոր խպիպ

Սա ուռուցքային գոյացություն է, որը գեղձի հյուսվածքից տարբերվում է կառուցվածքով ու կազմությամբ: Այն կարող է լինել ինչպես բարորակ, այնպես էլ` չարորակ: Այս հանգույցների վտանգն այն է, որ կարող են որակափոխվել` վերածվելով չարորակ գոյացության:

Առաջ ենթադրում էին, որ վահանաձև գեղձի հանգույցների առաջացման հիմնական պատճառը յոդի անբավարարությունն է: Սակայն, այսօր գիտնականները վերջնականապես համոզվել են, որ վահանագեղձի հյուսվածքի մեծացում և հանգույցների առաջացում կարող է տեղի ունենալ նաև յոդի բավարար քանակի դեպքում (50-100-150 մգ օրական): Բանն այն է, որ վահանաձև գեղձն անընդհատ ստանում է «անորակ արյուն», ինչը հանգեցնում է նորագոյացությունների առաջացման: Ինչպես և բոլոր ուռուցքային և քաղցկեղային հիվանդությունների դեպքում, սա ևս բազմացող ու մեռնող բջիջների միջև հավասարակշռության խախտումն է: Վահանաձև գեղձի դեպքում այդ հավասարակշռությունը կարգավորվում է հիպոֆիզի հորմոններով, սեռական գեղձերով, մակերիկամով: Նմանատիպ խանգարումներից ամենտարածվածն այն է, երբ մեր օրգանիզմն արյան խարամների պատճառով կորցնում է այդ բջիջների մակերեսի «անտենաները» (ռեցեպտորներ), որոնք ունակ են որսալու համապատասխան հորմոններ: Դրա հետևանքով, բջիջներն անկառավարելի են դառնում ու սկսում ապրել «ինքնագլուխ, սեփական կյանքով». երբ «ցանկանում են, այն ժամանակ էլ տրոհվում են ու աճում»: Այս վիճակն էլ առաջացնում է վահանաձև գեղձի հանգույցների զարգացման: Ինչքան վերահսկողությունը բջիջների նկատմամբ կորչում է կամ նվազում, այնքան ուռուցքն ագրեսիվ է լինում ու հիվանդության ընթացքում բարորակ ուռուցքը վերածվում է չարորակի:

Որ մթերքներում կա յոդ

Առաջին հերթին` ծովամթերքում, (ծովակաղամբ). ընկույզ, հատիկավորներ, որոշ բանջարեղեն (բազուկ, քաղցր տաքդեղ, սմբուկ, սխտոր. սպանախ.լոլիկ, սոխ), մրգերից` արմավը, պնդուկը, սև սալորը, հաղարջը:

Սակայն, դժվար է մթերքով ապահովել օրգանիզմին անհրաժեշտ յոդի քանակը: Դրա համար կան դեղատնային հատուկ միջոցներ:

Ինչ միջոցների էլ դիմելու լինեք` միմիայն բժշկի վերահսկողությամբ: Երբեմն կարող է ձեր թուլության պատճառը որն առերևույթ ոչ մի հիմք կարծես չունի, կրկին յոդի անբավարարությունը լինի: Ուստի ցանկացած բուժման դեպքում հետազոտվեք, իսկ կանայք, որոնք ի դեպ տղամարդկանցից ավելի հաճախ են հիվանդանում խպիպով, առավել ևս. չէ որ նրանց վրա է նոր, առողջ սերունդ լույս աշխարհ բերելու լուրջ պատասխանատվությունը: Հետևեք ձեր առողջությանը: Ի վերջո, ձեր առողջությունը նաև ձեր ընտանիքի ու հասարակության առողջությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել