1. Երեխան ծեծվելով սովորում է, որ ինքը նույնպես կարող է ծեծել: Ուսումնասիրությունները վկայում են, որ մանկական տարիքի ծեծի ու պատանեկական տարիքի ագրեսիվության միջև ուղիղ կապ կա: Հիմնականում հանցագործները հենց այն մարդիկ են, որոնք մանուկ հասակում ենթարկվել են ֆիզիկական բռնության կամ պատժվել են ծեծով: Օրինաչափ է, որ երեխաները սովորում են իրենց ծնողներից, այսինքն` նրանց վարքն է առաջին հերթին, որ օրինակ է ծառայում: Եվ ահա, պետք է գիտակցել, որ ծնողների պարտականությունն է իմաստության և կարեկցանքի մարմնավորմամբ օրինակ ծառայել:

2. Որպես կանոն, երեխայի` այսպես կոչված վատ վարքը պայմանավորված է նրա տարիքով ու փորձով. ասել է թե` նա վարվում է այնպես, ինչպես կարողանում է: Եվ հիմնականում այդ վատ վարքն ուղղված է նրա կարիքների անտեսմանը: Իսկ այդ կարիքներն են` քունը, սնունդը, մաքուր օդը, զբոսանքն ու մարզանքը, աշխարհաճանաճումը ու նույնիսկ թաքնված ալերգիաների բուժումը: Բայց ամենամեծ կարիքը ծնողների կողմից անվերապահ ուշադրությունն է: Մեր մշտազբաղ կյանքը շատ հաճախ թույլ չի տալիս ծնողներին ինչպես հարկն է ժամանակ տրամադրել երեխաներին: Ծնողները շատ հաճախ տարված են իրենց սեփական խնդիրներով ու մտահոգություններով, ինչի արդյունքում պատշաճ ուշադրություն և կարեկցանք չեն դրսևորում: Միանգամայն սխալ է և անազնիվ` երեխաներին պատժել այն բանի համար, որ նրանք շատ բնականորեն ընդվզում են իրենց հիմնական կարիքների անտեսման դեմ: Այս շարժառիթով պատիժը ոչ միայն անարդար է, այլև չի կարող երկարատև ազդեցություն ունենալ:

3. Պատիժը շեղում է երեխային այն ճանապարհից, որը ցույց կտա, թե ինչպես պետք է լուծել խնդիրն ավելի հումանիստական ու արդյունավետ մեթոդով: Պատժված երեխան դառնում է բարկությամբ ու վրեժով լցված մեկը, որը չի փնտրում խնդրի լուծման ավելի արդյունավետ ճանապարհ: Այսպիսով, ֆիզիկապես պատժվող երեխան շատ քիչ բան է սովորում, թե ինչպես պետք է կանխել խնդիրը կամ գլուխ հանել դժվար իրավիճակներից:

4. «Խնայելով ձողը` կփչացնես որդուդ» արտահայտությունը ոչ թե Աստվածաշնչից է, այլ Սամուել Բաթլերի «Hudibras» պոեմից: Այս աշխատությունը գրվել է` երեխաների դեմ բռնությունը բացահայտելու և դատապարտելու համար: Մինչդեռ այս արտահայտությունը մեր օրերում օգտագործում են` երեխային ուղղված պատիժն ու բռնարարքն արդարացնելու համար:

5. Պատիժը ծնողի ու երեխայի միջև կապը խաթարում է, քանի որ մարդկային տրամաբանությունից դուրս է` սիրել մեկին, ով վշտացնում է քեզ: Իրական ու շատ ծնողների համար երազելի հարաբերությունը կարող է ձևավորվել փոխադարձ սիրո ու հարգանքի հիման վրա: Պատիժը, եթե անգամ արդյունք է տալիս, ապա միայն արտաքնապես. երեխայի լավ վարքը պայմանավորվում է վախով, ինչին արդեն մեծ տարիքում երեխան սկսում է դիմադրել: Մինչդեռ հարգանքի վրա ձևավորված հարաբերության պտուղները դուք կքաղեք մինչև կյանքի վերջ ու կվայելեք համատեղ երջանկությունը:

6. Շատ ծնողներ հենց իրենց մանկության տարիներին չեն տեսել դրական վարվելաձև իրենց ծնողների կողմից: Երբ պատիժը չի տալիս ցանկալի արդյունքը, և եթե ծնողն անտեղյակ է այլընտրանքային մեթոդներից, ծեծը կարող է գնալով ավելի վտանգավոր ու ազատ դրսևորում ունենալ երեխայի նկատմամբ:

7. Երբ երեխան չի կարողանում բարկությունն ու հիասթափությունն ինչպես հարկն է արտահայտել, ներս է գցում: Հետևաբար, ճիշտ է կարծել, որ ագրեսիվ պատանին երկնքից չի ընկնում: Տարիների ընթացքում կուտակված մանկական զայրույթը կարող է իսկական շոկ լինել ծնողի համար. երեխան մի օր իրեն ավելի ուժեղ կզգա և կթափի իր մաղձը ձեր վրա: Հիշեք, պատիժը կարող է «լավ արդյունք» տալ միայն վաղ տարիքում, բայց դրա համար ծնողը, ինչպես նաև հասարակությունը, որպես կանոն, թանկ է վճարում սկսած այն պահից, երբ երեխան թևակոխում է դեռահասության ու պատանեկության փուլ:

8. Մանկական տարիքում հարվածը, օրինակ, հետույքին կամ որևէ այլ էրոգեն գոտու, կարող է փոքրիկի մտքում խառնել ցավի ու հաճույքի զգացողությունները: Արդյունքում` երեխան դեռահաս տարիքում կարող է բարդություններ ունենալ: Եթե փոքրիկը ծնողական քիչ ուշադրություն է ստանում, իսկ ստանալիս էլ այն դրսևորվում է պատժի տեսքով, ապա հետագայում փոքրիկի մտքում հաճույք և ցավ հասկացությունները կարող են միաձուլված լինել: Այս իրավիճակում երեխան կարող է ունենալ ցածր ինքնագնահատական և կարծել, որ ինքն ավելիին արժանի չէ: Անգամ չափավոր ծեծը կարող է ֆիզիկապես վտանգավոր լինել: Ողնաշարի ստորին հատվածին ուղղված հարվածները ցնցում են ամբողջ կռնակը, ինչը չի կարող անհետևանք մնալ: Հետևաբար շատ հաճախ երիտասարդների մեջքի ցավի պատճառները պետք է փնտրել պատժաշատ մանկության տարիների մեջ: Էլ չենք խոսում նյարդային վնասվածքների մասին: Շատ երեխաներ հենց մանկական տարիքի ծեծի պատճառով են պարալիչ ստանում:

9. Ֆիզիկական պատիժը կարող է վտանգավոր ու անարդար մեսիջ լինել փոքրիկի համար: Ասել է թե` նա կարող է կարծել, որ թույլատրելի է վնասել որևէ մեկին, ով ավելի փոքր է ու ավելի թույլ: Փոքրիկը հետագայում կարող է եզրակացնել, որ կարելի է վատ վարվել փոքրերի նկատմամբ: Մեծանալով` երեխան կարող է քիչ կարեկցանք տածել նրանց նկատմամբ, ովքեր պակաս հաջողակ են և վախենալ նրանցից, ովքեր ավելի ուժեղ են: Այս մոտեցումը կարող է խանգարել ողջամիտ հարաբերությունների ձևավորմանը, ինչը չափազանց կարևոր է կյանքի հուզականության ապահովման համար համար:

10. Քանի որ երեխաները սովորում են ծնողների օրինակով, ֆիզիկական պատիժը կարող է նրանց համար ուղղորդիչ լինել: Այսինքն` նրանք կարող են կարծել, որ ծեծը ճիշտ տարբերակ է` զգացմունքներն արտահայտելու և խնդիրները լուծելու համար: Եթե երեխան չի տեսնում, որ ծնողը փորձում է խնդիրը լուծել այլընտրանքային ու հումանիստական տարբերակով, հազիվ թե հետագայում կարողանա խուսափել այդ վարքից:

Այսպիսով, հետևություն` անուս ծնողն իր շարունակությունը կարող է տեսնել հաջորդ սերունդների մեջ: ԽՈՒՍԱՓԵՔ ԴՐԱՆԻՑ

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել