Արդեն դարձա 92 տարեկան։ Հավատալս չի գալիս։ Այդպես է։ Կյանքը մարդուն անվերջություն է թվում։ Կյանքը հրաշքի պես բացվում է մարդու առջև, մարդն էլ նույն ձևով կյանքին է բացվում։

Ամենից ավելի հիշում եմ մանկությունս, մեր մեծ նահապետական ընտանիքը։ Երեխա ժամանակ մտնում էի մեր տան կողքի գետակը։ Ցեխ էր մնում ոտքերիս, չորանում, ցավում էր։ Մայրիկս կարագ էր քսում ու ամեն ինչ անցնում էր։ Հանճարեղ օրեր էին։ Մենք մի փոքր Հայաստանում էինք ապրում։

Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, և առանց հարազատ հողի, իր հայրենիքի հետ սերտ կապի հնարավոր չէ գտնել իրեն, իր հոգին…

Աշխա՜րհ։ Ի՜նչ բազմակողմանի խոսք։ Հավերժությո՜ւն և անսահմանություն։ Մենք զարթնել ենք քնից։ Եվ կանք այսօր, ուրեմն միշտ եղել ենք։ Բնությունը հազարավոր տարիներ ապրում է, բայց ոնց որ նոր է ծնվել, նոր է զարթնել… Միշտ թարմ է, միշտ կենդանի։

Իմ դավանանքը եղել է բնությունը, արևը։

Ես չգիտեմ, թե երբ է նկարիչը ծնվել իմ մեջ։ Երևի այն օրից, երբ լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային, կախարդական հայրենիքի մասին, այն օրերից, երբ խաղում էի արևի տակ ու հրճվում բազմապիսի ծաղիկների, թիթեռների, մեղուների գույներով։ Գո՜ւյն, լո՜ւյս, երա՜զ,— ահա ինչով եմ ես այրվել։ Ես երեխա ժամանակից սիրել եմ իմ հայրենիքը, Հայաստանը։ Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Հողի սիրտը գտնվում է մարդու մեջ։ Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսում։

Ի՞նչ եմ անում ես հիմա։ Ի՞նչ կարող եմ անել։ Աշխատում եմ։ Աշխատելու ժամանակ չեմ մտածում։ Ինչ որ նկարում եմ Հայաստան է դուրս գալիս։ Մեր լեռները, մեր ձորերը, մեր մարդիկ, մեր լույսը, մեր Արարատը։

Աշխատելը ինքնամոռացում է։ Մեկ էլ տեսար մի բան ստացվեց։ Տեսնում ես, որ քեզնից մի կտոր քեզ է նայում։ Եվ մի տեսակ երջանիկ ես դառնում։

Ես երբեք չեմ ցանկացել որևէ մեկին զարմացնել։ Որովհետև, երբ աշխատում ես, ինքդ ես զարմանում բնության գեղեցկությամբ։ Երիտասարդ տարիքիս շատ էի սիրում անապատով ուղտով գնալ։ Երիտասարդ էի, ամեն ինչ տանում էի, արևը, ծարավը, դժվարությունը։ Ամեն մարդ իր ուղտն ունի և նստած գնում է մինչև վերջ։ Եվ մենք որքան երջանիկ ենք, որ ապրում ենք, տեսնում ենք։ Կարող էինք չլինել, չէ՞։ Ապրելը մեծ երջանկություն է։

Ի՞նչ է կյանքը։ Մի կղզի։ Մարդիկ դուրս են գալիս ծովից, անցնում են կղզու վրայով և նորից մտնում են ծովը։ Եվ այս կարճ կյանքը, որ մարդ ապրում է, շատ երկար բան է։ Ճանաչելով բնությունը՝ մենք փառաբանում ենք կյանքի հրաշք գեղեցկությունը։

Մեր ժողովուրդը հաստատել է երկրագնդի մեծ օրենքը, միշտ արևի հետ մնալու օրենքը։ Մենք կապված ենք արևին, նա դարեր շարունակ տանում է երկիրը, ո՞ւր է տանում, չգիտես։ Գալիս են նոր սերունդներ և շարունակ արևը մնում է մարդու մեջ, ամեն մեկի մեջ։ Ուրեմն, մնանք հավատարիմ այդ մեծ օրենքին։ Սիրենք կյանքը, սիրենք լուսավորը, սիրենք համերաշխությունը, սիրենք սերը և մեր գործով արդարացնենք բնության վստահությանը։

(1971—72 թթ.)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել