«Միայն թե` լինում է, չի լինումի փոխարեն –
եղել է ու այլեւս չի լինի… Իսկ հեքիաթի վերջում
երկնքից երեք նեյտրոնային ռումբ է ընկնում,
մեկն ինձ, որպես հեքիաթասացի, մյուսը` ձեզ,
որ համբերությամբ ապրեցիք այսքան տարիներ,
իսկ երրորդը` հենց այնպես,
հետաքրքրության համար»:
―Հ․Գ․

Ես ծնվել եմ սարերի մեջ, ուր ժամանակին եղնիկներ էին ապրում,
որոնք հավանաբար իջնում էին ջրվեժից ջուր խմելու, ինչպես գովազդի մեջ,
իսկ հիմա անհետ կորել են մարդկանց գուրման լինելու պատճառով,
ովքեր շատ էին գնահատում իրենց պես վայրի
ու իրենցից շատ ավելի անմեղ կենդանու միս։

Ես ծնվել եմ սարերի մեջ, որոնք գիշերներն իրենց գիրկն էին առնում քաղաքը
ու երբեմն խեղդելու չափ ամուր սեղմվում էին շենքերին
էնքան մոտ, որ լսվում էր գայլերի կարոտած կանչը
լուսնալույսով լցված անտառներում։

Ես ծնվել եմ սարերի մեջ,
որտեղից ինձ պոկել ու բերել են հացի ու նավթի հերթերի էս քաղաք,
որտեղ ես մեծացել եմ՝
տարբեր հերթերի մեջ մոլորված,
միշտ սպասման մեջ՝ տաքության իմ բաժնի, սիրո, տան,

որտեղ կար ժամացույցի գործարան
իսկ հիմա պարսիկներով բնակեցված մի քանի նորակառույց,

որտեղ ամեն քայլափոխի հիսուսներ են ծախում
երեխաներն, ովքեր չեն հավատում
որ երբևէ ապրելու են ավելի լավ,

որտեղ չկա հեքիաթ, կա մոխրագույն գոյություն,
ժամանակից շուտ ծերացած կանայք՝ բանտարկված
խմիչքի ու ծխախոտի հոտի մեջ կորած տղամարդկանց բազուկներում,

որտեղ բանտերն ավելի արագ են լցվում,
քան դատարկությունը՝ ներսումդ եղած,

որտեղ քայլում ես առանց հստակ ուղղության
ու անդադար ինչ֊որ բան կորցրած լինելու զգացողություն ես ունենում,

որտեղ շատ ու շատ կարևոր բաներ իրոք որ անվերադարձ կորցնում ես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել