Նաիրի երկրում մի քաջ զորահրամանատար էր ապրում: Նա թշնամու դեմ սարսափներով լի 126 պատերազմ էր շահել և չէր թողել, որ օտար օրենք ու կարգ մտնեն իր երկիր: Ահեղ մի ճակատամարտում, որը կոչվում է նաև «Վերքերի ճակատամարտ», զորավարը բազում վերքեր է ստանում, սակայն արիաբար կռվելով փրկում է արքայի կյանքը: Այդ և անհամար սխրանքների համար կարմիր ժապավենով շքանշան է ստանում արքայի կողմից:

Թագավորությունում բոլորը սիրում էին քաջասիրտ զորավարին: Երեխաները հրաշալի բացիկներ էին ուղարկում նրան: Երկրի բոլոր անկյուններից մարդիկ, ոտքով, թե ձիով գալիս էին նրան տեսության: Բանաստեղծները հնչեղ ներբողներ էին նվիրում, իսկ աղջիկները նրա պատկերը լուսապսակով նրբորեն հյուսում էին գորգերի վրա:
Քաջ զորավարի հանդեպ օր-օրի աճող սերն երկյուղ ու տրտմություն էր բերում թագավորին: Տիրակալը, որ ուշի ուշով հետևում էր զորավարին, նախանձով ու չարությամբ մտածում էր, որ եթե այսպես շարունակ զորավարի անունն ու փառքը ծավալվի, հնարավոր է, նրա շուքի տակ իր փառքն իսպառ ոչնչանա: Թագավորը տարատեսակ զգացողություններով դարդի մեջ ընկավ և գլուխը կորցրած սկսեց խորը հառաչել: 
Ամեն անգամ հառաչելուց նրա թագի ամենամեծ մարգարիտը ձիթապտղի պես սևանում էր: 
-Այս ի՞նչ է, զորավարի խրթին փառքը օրօրի սևացնում է իմ թագը,- անհանգստացած ինքն իրեն քրթմնջաց արքան և զայրութից կարմրատակած, իր մոտ կանչեց Հատուկ գործերի նախարարին, որն իր համար շատ վստահելի անձ էր: Արքայի կամքը հեզորեն կատարող նախարարի գործը հավատարմորեն ու ջանասիրաբար իր տիրակալի փառքն ու գովքը հատուկ հերոսական ձևով հորինելն ու մունետիկների միջոցով կեղծված կենսագրությունը թևածուն տարածելն էր երկրով մեկ:
-Մի տեսակ խայտառակություն է, ասես կռապաշտական ժամանակները վերադարձած լինեն: Բոլորը, կոկորդ պատռող, պոռթկուն կեցցեններով փառավորում են զորավարին: Նրա կողքին իմ հպատակներն ինձ մոռանում են: Խնջույքի եմ նստում, թե թատրոն գնում, լսում եմ նրա անունը: Մարդկանց ինչքան էլ հսկողության տակ պահես, նետվում են նրա կողմը, ինձ ոտից գլուխ չեն նկատում, ինչքան քրջոտ ու բերանբաց կա նրա պատկերն է գրպանում պահում, այս ի՞նչ կարգեր են իմ թագավորություն թափանցել,- նախատինքով դժգոհեց արքան:
Շշկլված, նախարարը ծպտուն չհանեց, սակայն արքայի հանդիմանուն դժգոհությունը նրան անչափ ընկճեց ու մտահոգության մեջ գցեց: Կատաղությունից կարմրատակած տիրակալը պատասխանի չսպասելով ավելի գոռգոռուն դարձրեց իր խոսքը: Արքայական թանկարժեք թիկնոցը, մարմնի վրա օրորվելով, սաստիկ ընդգծում էր տիրակալի փրփրուն կատաղությունը:
- Սուս ու փուս նստել եք: Պահանջում եմ, ամեն ինչ անեք, որ կասեցնեք զորավարի վրա տեղացող փառքը, ոտնատակ արեք, գերեզմանոց ուղարկեք նրա անունը- որոտաձայն կարգադրեց արքան,-մեկ էլ բացեք բոլոր գաղտնարանները և ուսումնասիրեք, թե որտեղից է այդպես ահագնորեն գալիս նրա փառքը:
-Ամեն ինչ ունի իր նախապատմությունը: Տեր արքա, մենք ուշիուշով հետևել և տեսել ենք, որ զորականի փառքը գալիս է նրա անցած ճանապարհից,-մի կերպ կմկմաց ինքնավստահությունը կորցրած նախարարը:
-Ամեն ինչ արեք, այդ ճանապարհն հիմնահատակ ավիրելու համար,- ցասումով կարգադրեց թագավորը:
-Բացի դրանից, նորին մեծություն, փառքը հովի նման ծպանքով գալիս է անեզր, հասկառադ դաշտերից: Նա բոլոր դաշտերը փրկել է ոսոխների բանակների հրկիզումից:
- Ուրեմն, ահեղ կրակի տվեք, ոչնչացրեք դաշտերը, որ նրա փառքը մոխրանա,-դժգոհության ընդգծուն շարժումով վրա բերեց արքան:
-Անօգուտ է դա, որովհետւ փառքը գալիս է նաև վարդերես աղջիկների հոգուց, որոնց բարբարոսները չկարողացան գերեվարել: Զորավարի հաղթ սուրը պաշտպանեց նրանց,-հազիվ լսելի ձայնով շշնջաց նախարարը:
-Այդ օրիորդներին ուղարկեք հեռու, կնության տվեք օտարազգի տղամարդկանց:
-Ասեմ իմանաք, որ զորականի փառքը գալիս է նաև հինավուրց երգ ու նվագից: Քանզի, զորավարի ջանքերի շնորհիվ, երգերը այլաբարբառ չդարձան, անաղարդ մնացին թշնամու պիղծ աղավաղումից: Հիմա բոլոր դահլիճները լցված են մաքրամաքուր երգերով: 
- Հետևեք, որ դահլիճները փակ մնան: Որ ոչ մեկը այլևս չհնչեցնի այդ երգերը:
- Տեր արքա, համարձակվեմ հիշեցնել, վաղը Ձեր ծննդյան օրն է: Հյուրեր են ժամանելու բոլոր մոլորակներից: Արքունական հրամանով Ձերդ մեծության ծննդյան օրն ամենքը պետք է հնչեցնեն խանդավառ երգեր: Առանց սրտեր ջերմացնող երգի տարեդարձի տորթը չի կիսվում: Ձեր ծննդյան տորթը այնքան մեծ է թխված, որ հարյուր սայլ հազիվ են բերելու: Այն կտրատելու համար, առնվազն, հիսուն երգչախումբ պետք է հանդիսավոր կերպով խմբերգեր կատարեն:
Նախարարի խոսքերը ասես աղ էին ցանում թագավորի հոգու վերքին: Արյան բծեր նկատվեցին, զայրույթից կարմրատակած աչքերի մեջ: Էլ ավելի խռովք ու թխպոտություն ավելացավ արքայի դեմքին: Քանի որ խոսքը իր ծննդյան օրվան էր վերաբերվում, չգիտեր ինչ ասեր: Հակառակի պես հարևան յոթ երկրների թագավորներին անձամբ ինքն էր հրավիրատոմսեր ուղարկել: Խառը մտքերից մի պահ անսովոր սարսուռ անցավ մարմնով, տհաճ զգացումով շեշտակի նայեց նախարարին ու թույլ ձայնով թոնթորաց.
-Եվ ի՞նչ եք ձեռնարկում, որ հանդուգն զորավարի փառքը գետնի տակ անցնի: Մի խորամանք բան մտածեք:
-Այլ բան չի մնում,- դանդաղ ընդհատուն ձայնով, զգուշորեն խոսեց նախարարը,- մի միջոց կա, նրան հեռացրեք երկրից: Աստիճանաբար կմոռանան նրան և մարդկանց սերը գնալով կպակասի, ու մեծ փառքն էլ մի քանի ամսից մայրամուտ կթեքվի: 
Արքայի գլխից միանգամից դուրս թռան բոլոր տագնապները, առանց շատ ու քիչ մտածելու, հաճույքով ընդունեց նախարի առաջարկությունը: 
Նույն օրը խեղճ զորականին վտարեցին իր հայրենիքից, որի համար բազում մարտեր էր մղել:
Թափառաշրջիկի տխրալի կյանքով, զորավարը քայլեց անցավ աշխարհի շատ ճանապարհներով: Առանձին երկրների միապետեր վտարանդի զորավարին սիրով առաջարկեցին թանկարժեք գանձեր ու ոսկի, միայն թե, նա համաձայնվի իրենց բանակը կառավարի: 
Հայրենիքից հալածված զորավարը մերժեց բոլորին, ասելով, որ ինքը երդվել է, երբեք ու երբեք չծառայի օտար բանակի :
Արի զորավարը իր գոյությունը մի կերպ պահելու համար, մեկ այս մեկ այն աշխատանքն էր փորձում կատարել, բայց ապարդյուն էին անցնում ջանքերը: Զինվորական գործից բացի խեղճը ոչ մի բան չէր կարող անել: Սովից չմեռնելու համար սկսեց մուրացկանությամբ հաց հայթայթել: Անխիղճ մարդիկ երբեմն քոթակ էին տալիս հացի կամ մանրադրամի փոխարեն: Պատահում էր խեղճի կողքին հայտնվում էին ուրիշ մուրացկաներ, որոնք վեճ ու արյունալի ծեծկռտուք սարքելով, ձեռքից խլում էին մուրացած գումարը:
Օրերից մի օր հագարացի միապետը, երբ լսեց, որ հարևան Նաիրի երկրի արքան իր զորապետին պաշտոնաթող է արել ու վտարել երկրից, անչափ ուրախացավ: 
-Հիմա, էլ ո՞վ կարող է իմ զորքը կոտորել ու զինաթափել,- քենով քրթմնջաց հագարացին,- կարող եմ պատերազմելով այդ բարեբեր երկրի ազատությունը նվաճել: Նախկինում, այդ քաջարի զորապետի պատճառով, Նաիրի երկիրն ինձ չէր հպատակվում:
Եվ, վաղեմի մտադրությունը իրականացնելու համար, մեծ, ծովից ծով զորաբանակով, այրուձիով, կատաղած փղերի գնդով արշավեց Նաիրի երկրի վրա: Առանց դիմադրության գրավեց ու ավիրեց բազում գավառներ ու քաղաքներ: Հագարացի միապետը , որ տարիներով հոգում պահել էր պարտության քենը, զարհուր ավերածություններ էր անում:
Այդ ժամանակ Նաիրի երկրի տիրակալը օրհասը չափազանց մոտ զգաց, ցավով հիշեց արի զորավարին և զղջաց անխոհեմ արարքի համար:
- Հազիվ թե կարողանանք կռապաշտ ու վայրագ բռնակալից ազատվել: Ոչ մի ամրոց կանգուն չի մնում: Երկիրը խեղդվում է արյան մեջ: Թագավորությունս չի խուսափի անկումից, վտանգն ակնհայտ է: Գոնե, դժբախտության մեջ պետք է խելոք լինել: Անհապաղ պետք է գտնել ու ետ բերել մեր զորահրամանատարին, որ փրկվենք ահավոր արհավիրքից,-ի վերջո արքան անկեղծորեն դիմեց պալատականներին:
Երկար որոնելուց հետո, պալատականները զորականին գտան մի գինետան մոտ, մուրացկանություն անելիս:
Անմիջապես նրան բերեցին պալատ, վրայից հանեցին մուրացիկի ցնցոտիները և զորավարի պերճաշուք համազգեստ հագցրեցին: Նրա թափառականությունից հոգնած մարմինը ասես գերյալ լիներ, անսովոր, խորթացած ձևով, մի կերպ ծվարեց նոր հագուստի մեջ: 
-Հիմա, նա նման է առաջվա քաջ ասպետին,-պալատականների ականջին ուրախ շշնջաց թագավորը, հայացքը չկտրելով զորավարից:
Հատուկ գործերի նախարարը դյութվածի պես, բարեհամբյուր ժպիտով արձագանքեց արքայի խոսքին:
Պահված տեղից աշխույժով բերեցին նաև զորականի զենքերը՝ վահանն ու սուրը:
Զորավարը դողդողջուն ձեռքը դանդաղ տարավ ամրակուռ վահանին, բայց չկարողացավ այն վերցնել:Հետո ձեռքը մեկնեց լույսի պես փայլատակող սրին, որը սահելով ձեռքից ընկավ: Նա հավաքեց ողջ ուժերը, բայց սուրը կրկին ծանրորեն գետին ընկավ:
-Այս ինչ է պատահել մեր զորավարին:
-Օ՜, նա չի կարողանում զենքերը վերցնել:
-Էլ, մարմնում ուժը չկա,-անհանգստացան պալատականները:
Շատերի դեմքին անսովոր սառնություն իջավ: Ամենքը շփոթահար ու տագնապուն իրար խառնվեցին, բացի մի քանի նախարարներից, որոնք բոլորովին սովոր չէին ինչ- որ բաներից անհանգստություն ցուցաբերել:
Արքան, սրից խոցվածի նման, նայեց զորավարին ու հազիվ մի բառ արտաբերեց.
-Այլափոխվել է:
Զորավարը, երբ տեսավ, որ մարդիկ սառած աչքերով իրեն են նայում կերկերուն ձայնով ասաց.
-Զենքի ծանրությունը ինձ համար դարձել է անսովոր, ախր, իմ մուրացիկ ձեռքը սովորել է միայն ափիս մեջ նետված դրամի ծանրությանը:
-Այո, երբ ձեռքը սովորում է մուրացկանության, այն այլևս չի կարող սուր, վրձին, կամ քվեաթերթիկ վերցնել,-թաքավորի ականջին շշնջաց ավագ խորհրդականը: 
-Անկասկած, ես մեղավոր եմ, մեղա, մեղա,-թևաթափ ասաց արքան ու քար կտրեց մոտեցող թշնամու ահից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել