Տասնամյակներ շարունակ սրտաբաններն ու դիետոլոգներն այն համոզմունքն ունեին, որ միջերկրածովային դիետան աշխարհում լավագույնը կոչվելու բոլոր տվյալներն ու առավելություններն ունի:

Բոլորը պնդում էին, թե հենց այդ սննդակարգն է կյանքի ամենաերկար տևողությունն ապահովում և մարդուն տարատեսակ հիվանդություններից պաշտպանում: Ուստի ձիթապտղի յուղով, բանջարեղենով, մրգերով ու ծովամթերքով հարուստ սննդային ռեժիմը ամենաօրինակելին էր դիտարկվում:

Սակայն դանիացի գիտնականներին հաջողվել է թե քաշի կարգավորման, և թե սրտանոթային հիվանդությունների դեմ պրոֆիլակտիկ պայքարի տեսանկյունից լավագույն և անհամեմատ ավելի արդյունավետ սննդակարգ գտնել: Նրանց բացահայտմամբ, սկանդինավյան խոհանոցը, որ գլխավորապես վայրի հատապտուղներ, ձկնատեսակներ և տարատեսակ կանաչեղեն է ներառում, կարող է մարդու օրգանիզմի վրա ամենաբարենպաստ ազդեցությունը թողնել: Սկանդինավյան սննդակարգը, մասնավորապես, մրգերով, բանջարեղենով (հատկապես՝ հատապտուղներով, կաղամբով, արմատապտուղներով եւ լոբազգիներով), կարտոֆիլով, պանրով, յուղազերծ կաթով, թարմ կանաչեղենով, սնկերով, ընդեղենով, ընտանի և վայրի թռչունների մսով, ձկնատեսակներով և ծովային ջրիմուռներով է հարուստ:

Ընդ որում, սկանդինավցիները նվազագույն քանակով կարմիր միս են օգտագործում, ինչը սննդակարգի մեջ ճարպերի ցածր բաղադրության գլխավոր գործոնն է համարվում:

Դանիացի գիտնականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտությանը մասնակցել է ճարպակալումից տառապող 181 տղամարդ և կին: Նրանց հաջողվել է սկանդինավյան դիետայի օգնությամբ երեք անգամ շատ քաշ կորցնել: Ինչը, սակայն, չի արձանագրվել ավանդական սննդակարգերով առաջնորդվողների շրջանակներում: Բացի այդ, կամավորների մոտ զարկերակային արյան ճնշման զգալի կարգավորում է նկատվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել