Երբ որևէ հանցագործության մասին ես լսում, և հայտարարում են, թե չնայած առկա ապացույցներին՝ գործը մնում է չբացահայտված, մի տեսակ անհավատությամբ ես այդ ամենին վերաբերվում: Բավական է գործն ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվի քեզ կամ քո ընտանիքի անդամներից մեկի հետ, որ հասկանաս՝ ինչքան բացեր կան պետությանդ ենթակառուցվածքներում: Նպատակ չունեմ որևէ կերպ քննադատելու մեր պետական մարմիններին, բայց այս հոդվածով, հուսով եմ, գոնե հնարավոր կլինի տվյալ գործը տանել բացահայտման:
2014 թ. հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Սյունիքի մարզի Գորիսի Կոռնիձոր գյուղում կատարվել է բացահայտ հանցագործություն: Գիշերը տվյալ գյուղի բնակիչ Մուրադ Հարությունյունի տան բակից առևանգել են նրա տրամադրության տակ գտնվող «...» մակնիշի մեքենան: Լսելով շների հաչոցները՝ Հ.Մ.-ն պարզել է, որ մեքենան բակում կայանված չէ: Նա անմիջապես զանգել է իր հարազատներին և գյուղապետին, որպեսզի բնակիչներն օգնեն փակել գյուղից դուրս տանող ճամփաները: Հասկանալով, որ գյուղից ելք չունեն՝ մեքենան առևանգողները, խուճապի մատնվելով, մի քանի անգամ վթարի են ենթարկվել և այնուհետ մեքենան անսարք վիճակում, ավիրված թողնելով՝ փախուստի դիմել: Պատասխանատու մարմինները վերցրել են մատնահետքեր և այլ ապացույցներ դեպքի վայրից: Դեպքը մինչ այսօր բացահայտված չէ: Ոստիկանության բաժին են տարվել բոլոր կասկածյալները, սակայն ոչինչ չի բացահայտվել: Տվյալ մեքենան գրանցված է Հ.Մ.-ի եղբոր որդու անունով, ով մեքենան տրամադրել է Մ.-ին՝ ապրուստի միջոց վաստակելու համար: Հ.Մ.-ն ունի 4 անչափահաս երեխա` 1 տղա, 3 դուստր: Ավագը որդին է, ով ընդամենը 10 տարեկան է: Ընտանիքն անապահով է և փարոսակիր: Մեր կողմից պետական մարմիններին և բարձրաստիճան պաշտոնյաներին նամակներ ուղարկելուց հետո ոստիկանության աշխատակիցները մի քանի անգամ բաժին են հրավիրել գյուղի երիտասարդներից մի քանիսին: Այս փաստը վկայում է այն, որ ոտիկանությունն ունի հիմքեր նրանց բաժին կանչելու համար, սակայն, ըստ նրանց հաղորդման, տվյալ երիտասարդները ներգրավված չեն այդ հանցագործության մեջ: Հարց է առաջանում. «Ի՞նչ հիմքերով է ոստիկանությունը նույն անձանց տանում բաժանմունք, եթե իսկապես նրանց դեմ ապացույցներ չկան»: Վստահությամբ կարող եմ նշել, որ առկա ապացույցներն արդեն իսկ բավարար են մեղավորներին գտնելու և փոխհատուցում պահանջելու համար: 
Մենք բոլորովին նպատակ չունենք մեղքը գցել որևէ անմեղ մարդու վրա, սակայն պետք է նաև հասկանալ, որ մի ամբողջ ընտանիք, դպրոցական 4 երեխա մնացել են առանց ամենօրյա հացի, քանի որ այդ մեքենան եկամուտի միակ աղբյուրն էր: Վնասը կազմում է շուրջ 1 մլն. ՀՀ դրամ: Մի գյուղացի հասարակ ընտանիք հազիվ թե կարողանա` առանց այդ էլ ֆինանսական մեծ բեռի տակ գտնվելով՝ նման գումար հայթայթի մեքենան վերանորոգելու համար:
Խնդրում եմ պատասխանատու մարմիններին քայլեր ձեռնարկել` տվյալ խնդիրը լուծելու և պատճառված վնասը փոխհատուցելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել