Քաղաքական դաշտի վերջին զարգացումներն ապացուցեցին, որ ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիան չի ստացվում: 
Ոչ իշխանական ուժերի համախմբան պրոցեսների ժամանակ կարծիքներ էին հնչում, որ գաղափարապես բոլորովին տարբեր կառույցները չեն կարող հանդես գալ միասնական օրակարգով, և նրանց համագործակցությունը երկար կյանք չունի:

Մինչ ոչ իշխանականները քարկոծում էին նման կարծիք արտահայտողներին, նրանց միջև զարգանում էին ներքին խմորումները, և հետևանքը եղավ Դաշնակցության առանձնանալը ոչ իշխանական ուժերից: ՀՅԴ-ի նման որոշումից հետո Եռյակի ներկայացուցիչները հանդես եկան տարբեր հայտարարություններով, որտեղ մասնավորապես նշվում էր, որ ճիշտ է՝ ՀՅԴ-ն չի լինելու հարթակում, սակայն համագործակցությունը ոչ իշխանականների հետ չի դադարելու:

Հետագա քաղաքական զարգացումներն այլ բան ցույց տվեցին: Եռյակը և ՀՅԴ-ն ունեցան բազմաթիվ հակասություններ՝ կապված կառավարությանն առաջարկած 12 կետերի շուրջ:

Ինչևէ, այսօր նույն մոտիվները նկատվում են նաև Ժառանգության պարագայում: Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հայտարարությունից հետո դժվար չէ հասկանալ, որ այսուհետ Ժառանգությունը գործելու է Եռյակից անկախ: Այնուամենայնիվ, այսօր նորից Դուետը (ՀԱԿ, ԲՀԿ) հայտարարում է, որ միգուցե Ժառանգությունն առանձին է գործելու, սակայն համագործակությունը ոչ իշխանական ուժերի հետ չի դադարելու:
Պարզ տեսնում ենք, որ պատմությունը կրկնվում է, և Եռյակը գրանցում է իր պառակտման երկրորդ փուլը՝ վերածվելով Դուետի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել