Ընդդիմության քայլերին և իբրև հետևանք՝ իշխանափոխության ընթացքին սրտատրոփ հետևող-սպասող մամուլի որոշ միջոցներ երկու օր է՝ ստիպված են պարզաբանել հանրությանը, որ «Ժառանգության» առաջնորդի երեկվա հայտարարությունը ոչ մի լուրջ բան չի նշանակում:

Ինչ է պատահել որ. դիցուք երեք ընկերով որոշել են գնալ խինկալի ուտելու, ճանապարհին նրանցից մեկը միտքը փոխել է և մտածել, որ խինկալիին պետք է շաուրման նախորդի: Ի՞նչ կարիք կա սրանից պատմություն սարքել: Մանավանդ որ Եռյակի պառակտման որևէ նշան չկա: Դյումայի հայտնի հերոսներից յուրաքանչյուրն իր «բզիկներն» ուներ. մեկը գինի էր սիրում, մյուսը՝ լավ ուտելիք, երրորդը՝ գեղեցիկ կանանց: Բայց չէ՞ որ դա չխանգարեց, որպեսզի նրանք համատեղ ջանքերով Լոնդոնից կախազարդերը բերեն և ճիշտ ժամանակին ամրացնեն թագուհու զգեստի հարկավոր տեղին (իմա՝ իշխանափոխություն անեն):

Չնայած սույն թերթը չի բացահայտում, թե մեր Եռյակի առաջնորդներից որին որ հրացանակրի հետ է համեմատել, թափանցիկ ակնարկից պարզ է դառնում, որ նրանցից ամենաչարաճճին, այնուամենայնիվ, «Ժառանգության» առաջնորդն է, ով փորձում է աշխուժություն մտցնել ներքաղաքական միապաղաղ առօրյայում: Ընթերցողին մնում է շաբաթ-կիրակի օրերին ինքնուրույն գուշակել, թե ում է վերապահված դ՛Արտանյանի վճռորոշ դերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել